Աշխարհում 166 մլն չհաշվառված երեխա կա
Վերջին երկու տասնամյակում շատ երկրներ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի լույս աշխարհ եկած երեխաները գրանցվեն։ Սակայն խնդիրը դեռ լուծված չէ։ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, մինչև հինգ տարեկան երեխաների մեկ քառորդը չունեն ծննդյան մասին հավաստող փաստաթուղթ։ Իսկ դա նշանակում է, որ նրանք պաշտոնապես գոյություն չունեն։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նոր զեկույցում ներառված տվյալների համաձայն, այս պահին ողջ աշխարհում հաշվվում է մինչև հինգ տարեկան չհաշվառված 166 մլն երեխա։ Նրանց գրեթե կեսը ծնվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Հնդկաստանում, Նիգերիայում, Պակիստանում ու Եթովպիայում։
«Առանց անձը հաստատող փաստաթղթերի այդ երեխաները զրկված են մանկապարտեզ, դպրոց գնալու, բուժօգնություն ու այլ կարևոր ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Նրանք կարող են շատ հեշտությամբ դառնալ շահագործման զոհեր»,-խնդրի առկա ու հնարավոր հետևանքների մասին բարձրաձայնում են հիմնադրամի փորձագետները։
Ըստ աղբյուրի, 237 մլն երեխա չունի ծննդյան վկայական, նրանք հիմնականում փախստականների կամ էլ անօրինական միգրանտների երեխաներն են։ Նրանց թվում շատ են նաև անապահով, գյուղական վայրերում ապրող ընտանիքների երեխաները։
Համեմատության համար նշենք, որ այսօր հաշվառված են մինչև հինգ տարեկան երեխաների 75 տոկոսը, մինչդեռ 2000 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 60 տոկոս։ ՄԱԿ-ի փորձագետները պետություններին կոչ են անում ձեռնարկել հնարավոր քայլերը ցուցանիշը 100 տոկոսի հասցնելու համար։