Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում
Դեկտեմբերի 12-ին Հռոմի Սանտա Մարիա ին Տրանստևերե (Basilica di Santa Maria in Trastevere) տաճարում տեղի է ունեցել հոգևոր համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սարկավագաց երգչախմբի համերգը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի հետ համատեղ, անցկացվել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնեական միասնության աջակցության քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի հովանու ներքո։
Համերգից առաջ համատեղ ելույթ են ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքով Կոմիտասի ստեղծագործական կյանքի ընդհատմանը և բնորոշելով հանճարեղ վարդապետի գործերը՝ որպես հայկական հնագույն մշակութային ժառանգության շարունակություն և 20-րդ դարասկզբին Եվրոպայում ձևավորվող երաժշտական մշակույթ։ Համատեղ ելույթում նշվել է, որ հայ մեծանուն երգահանն ու հոգևորականն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում:
Հռոմի ամենահին եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կոմիտասյան հոբելյանական համերգին ներկա էին Սուրբ Աթոռում և Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, Սան Էջիդիո և հայ համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան