Արման Բաբաջանյան. Ներկա իշխանավորները հեղափոխությունը փոշիացնողներ են
«Անվերապահորեն մերժում ենք նախկիններին, բայց միաժամանակ մտահոգված ենք գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ»,-հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով հավաքի նախաձեռնողն է։
Իր ելույթում նա ներկա իշխանավորներին որակեց որպես հեղափոխությունը փոշիացնողներ, որոնք կոմպետենտ, պրոֆեսիոնալ չեն, ապաշնորհ են։ Նա ընդգծեց, որ անցած մեկ ու կես տարում իշխանության կողմից տեսել են ընթացիկ, սովորական կառավարում, ոչ թե հեղափոխական ու արմատական փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են բազմաթիվ ոլորտներում։ Նա կոչ արեց ժամ առաջ սկսել փոփոխությունները ՍԴ-ում, դատաիրավական համակարգում, ուժային կառույցներում։
«Մեր օրակարգը ոչ անցյալի, ոչ էլ այսօրվա օրակարգ չէ։ Մեր օրակարգը ապագայի է, որի հիմքում դրված է հեղափոխության տրված պատմական հնարավորության կենսագործումն ապահովող բարեփոխումներ»,-ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական դիսկուրդը պարփակվել է անցյալի ու ներկայի բանավեճի մեջը, ինչն անօգուտ ու անարդյունք է։ Այս հավաքի մասնակիցները, ըստ բանախոսի, հավակնում են դառնալ իշխանությանը հակակշռողներ, եթե իհարկե հաջողեն։
Բաբաջանյանի խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը չի կարողացել իր վրա վերցնել հակակշռող ու փոխզսպող առաքելությունը, ինչի հետևանքով այս քննարկումը տեղի է ունենում խորհրդարանից դուրս։
«Կհաջողենք, եթե կարողանանք քաղաքական բանավեճը տեղափոխել ապագայի մասին քննարկումների դաշտ։ Մենք բոլորս ունենք իրարից տարբերվող գաղափարախոսություններ ու մոտեցումներ, բայց մեզ բոլորիս միավորում է ավելի լավ երկիր ունենալու տեսլականը»,-ասաց նա՝ ավելացնելով, եթե այս գերնպատակը վեր դասվի տարբերություններից, ապա իրենք կկարողանան գտնել իրենց երազած երկիր կառուցելու ամենաարդյունավետ տարբերակը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան