Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը։
Արարարտյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Ս. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած՝ մանուկ Հակոբն իր քրոջ՝ Սակդենի հետ, տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը, դարձել ճգնավոր:
Հետո գնացել է Մծբին, հանդիպել Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը, թեպետ, հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին:
Ըստ ավանդության՝ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:
Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թվականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381 թվականի Կ.Պոլսի երկրորդ տիեզերաժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան