Արսեն Թորոսյանը վնասում է՝ խախտելով երեխաների իրավունքները
Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է. յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն պաշտպանելու իրեն վերաբերող տվյալները, թույլ չտալու, որ իր, իր կյանքի, իր առօրյայի եւ իրեն վերաբերող ցանկացած տեղեկություն օգտագործվի ապօրինի կերպով եւ անհանգստացնի իրեն:
Սա երեխաների իրավունքների, մասնավորապես՝ անձնական տվյալների հրապարակման մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկատվական գրքույկից է, որին բացարձակ ծանոթ չէ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կամ՝ ծանոթ լինելով մտադրված խախտում է օրենքը։
Նախարարը այնքան է տոգորված հասարակական վայրերում ծխելու օրենքի նախագծի «հանրայնությամբ», որ իրենց թույլ է տալիս հանրայնացնել երեխաների մասին տեսանյութ՝ իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Բավական է նայել մեկնաբանությունները, և հասկանալի է դառնում, որ «հայ ազգը» դաստիարակչի դրոշը առած պախարակում, անիծում, սպառնում է երեխաներին ու նրանց ծնողներին։
Այսինքն՝ նախարարը դաշտ է ստեղծել, որտեղ խախտվում են երեխաների իրավունքները՝ նրանց դնելով էլ ավելի վատ պայմաններում, քան նրանք հայտնվել են։ Մտածու՞մ է նախարարը, որ այսպիսով երեխաներին բերել է ճանաչելի այնպիսի վիճակ, երբ ցանկացածը նրանց կարող է մատնացույց անել, ծաղրել, սպառնալ։ Երբ երեխաները իրենց պաշտպանելու համար կարող են դիմել անկանխատեսելի քայլերի՝ այն է՝ վեճ, կռիվ, կամ՝ մեկուսացում... Բոլոր դեպքերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեխաներին ակնհայտ առողջական վտանգի է ենթարկել։
Այս հրապարակմամբ իրավապահներին, ՅՈՒՆԻՍԵՖԻՆ կոչ եմ անում կարգի հրավիրել ոգևորված նախարարին, ստիպել իր էջից հեռացնել տեսանյութը։ Նույնը՝ տեսանյութը տարածած լրատվամիջոցներին։
Առանձնապես ոգևորված մեկնաբանողներին էլ կոչ եմ անում ուրիշի երեխաներին անիծելուց ու սպառնալուց, էլ չեմ ասում՝ ապագան կանխագուշակելուց կտրվել ու համենայն դեպս ուշադրության տակ պահել սեփականներին։
Ի դեպ՝ նախարարը ևս տրվել է գուշակություններին, թե ինչ է սպասում այդ երեխաներին մեծանալուց հետո։
Նախարարին էլ նախազգուշացնեմ, որ եթե ինքը չի տեսնում, թե իր այս քայլով ինչ իրավիճակում են հայտնվել երեխաները, առավել ևս չի կարող տեսնել այս երեխաների ապագան։
Primum nоn nocere, պարոն նախարար։ Մեռավ դարերի խորքից ձեզ այս մասին ասելով Հիպոկրատը։
Ի դեպ՝ նշեմ, որ այս՝ երեխայի անձնական տվյալների գաղտնի պահելու օրենքը աշխատում է նույնիսկ հանցանք կամ զանցանք կատարած երեխաների հարցում։ Ոչ թե նույնիսկ, այլ՝ մանավանդ, քանի որ հենց այս երեխաներն են դառնում առավել խոցելի։ Ու երեխաների անձնական կյանքը, տվյալները հանրայնացնող անձին նախատեսված է տուգանք՝ 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսգիրք, հոդված 189.17):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին