Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրեցրել դատավոր Աբգարյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։Այս մասին հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից:
Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք Վարդևանյանը նշեց դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։
Մեկ այլ հանգամանք․ըստ court.am կայքի «արձակուրդներ» բաժնի տեղեկատվության՝ Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է մեկնի արձակուրդ։ Իսկ արձակուրդից 10 օր առաջ դատավորին չի կարող գործ մակագրվել, քանի որ այդ կարճ ժամկետում գործը հնարավոր չէ քննել ըստ էության։ Ի պատասխան՝ Լուսինե Աբգարյանը նշեց, որ իր արձակուրդ մեկնելը տեղափոխվել է դեկտեմբերի 24-ի վրա։
Մեղադրող կողմն անհիմն համարեց ներկայացված փաստերն ու հանգամանքները, նշելով, որ դրանք չեն կարող դատավորի կողմնակալության հարցում կասկածներ առաջացնել։
Պաշտպան Վարդևանյանն արձագանքեց, որ օրեր առաջ դատախազները Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավոր՝ Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այդ նույն ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղ գտած գրառման պատճառով։ Արդյունքում այդ գրառումը դատավոր Պապոյանի ինքնաբացարկի պատճառը դարձավ։
Ինքնաբացարկի միջնորդությունը քննելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 18–ին, ժամը 14:00–ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան