Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ աղբյուրի, զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և հետևողականության, զորակոչի գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա:
Զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Կոչ ենք անում ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը:
Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: