Առողջական խնդիր ունեցող աշխատողը պիտի՞ հարկվի, որ չաշխատողը բուժվի
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր և համընդհանուր՝ աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձելով` որպես առողջապահության հարկ։ Որպես հիմնավորում նախարարությունը բարձրաձայնում է սոցիալական հավասարության և համերաշխության մասին, այսինքն՝ առողջապահության համապարփակ ապահովագրումը թույլ կտա մարդկանց օգտվել հիմնական բժշկական օգնությունից և սպասարկումից, հասանելի կդարձնի այդ ծառայությունները նրանց համար՝ անկախ հանգամանքից՝ տվյալ քաղաքացին վճարունակ է, թե ոչ։
Առողջապահության նախարարությունը, խոսելով սոցիալական հավասարության մասին, աշխատող հանրույթին՝ ներառյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ստիպում է սեփական գրպանից գումար հատկացնել պետությանը, որպեսզի վերջինս կարողանա առողջապահական ծառայություններ մատուցել բոլորին։ Սակայն հարց է ծագում. ի՞նչ պետք է անի քրոնիկ հիվանդություն ունեցող և ստիպված աշխատող քաղաքացին, ով ամեն ամիս որոշակի գումար է ծախսում դեղորայք ձեռք բերելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Հայաստանում, ինչպես և աշխարհում, արյան շրջանառության համակարգի հիվանդություններն առաջին տեղում են։ 2017 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանում արյան շրջանառության համակարգի խնդիրներ ունեցող 249016 քաղաքացի է գրանցվել, 2018-ին նշված թիվը 8687-ով ավելացել է՝ հասնելով 257703-ի։ Նշված քաղաքացիների գերակշիռ մասը սիրտ-անոթային հիվանդություններ ու արյան ճնշում ունի։ Սիրտ-անոթային խնդիր ունեցող մարդիկ դեղորայք գնելու համար տարեկան ծախսում են 120-240 հազար դրամ։
«Օրական 2 տեսակ դեղ ճնշման համար եմ խմում, մեկ տեսակ էլ՝ սրտի համար՝ առավոտյան և երեկոյան։ Այս պահին 11 000 դրամ եմ ծախսում դեղերի ամբողջ փաթեթի համար, իսկ, օրինակ, 6 ամիս առաջ մեկ դեղ պակաս էի խմում և վճարում էի 9000 դրամ։ Եղել է ժամանակ, որ 20 000 եմ վճարել փաթեթի համար։ Բժշկի հետ համաձայնեցնում ենք ու դեղերը փոխում»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ տարածված խնդրի՝ միգրենի դեպքում, քաղաքացիները տարեկան ծախսում են միջինը 60-70 հազար դրամ, սակայն կան քաղաքացիներ, ովքեր վստահեցնում են՝ դեղերի տարեկան փաթեթի համար 180 հազար դրամ և ավելի են ծախսում. դա էլ կախված է դեղերի ազդեցության մակարդակից։
«Նոպաների ժամանակ դեղ եմ խմում, որի մեկ կոճակը 1000 դրամ է։ Ամսական ամենաքիչը 15 հատ խմում եմ»,- նշեց մեր զրուցակիցը։
Խնդիրն փոքր-ինչ այլ է շաքարային դիաբետի դեպքում. այստեղ պետությունն այժմ տրամադրում է դեղորայք, որը, սակայն խնդիր ունեցողներից շատերը հրաժարվում են օգտագործել, քանի որ անորակ է։ Բացի այդ, պետությունը միայն դեղորայքն է տրամադրում, բայց անհրաժեշտ ներարկիչներն ու տեստ-երիզները քաղաքացին է գնում։
«Եթե չափահաս մարդը, ինսուլինաթերապիայով է ապրում ու հրաժարվում է պետության տված դեղերից, ուրեմն միայն դեղերի համար ամսական միջինը 70-90 000 դրամ է ծախսում։ Բացի այդ նա գնում է տեստ-երիզ, որի մեկ տուփը 6000 դրամ է, մեջը 50 հատ։ Օրական 2-3 հատ օգտագործվում է։ Այսինքն՝ ամսական 2 տուփ անհրաժեշտ է։ Եթե գումարենք ներարկիչների գումարն էլ 1000-1500 դրամ, ապա ամսական 102 հազար դրամ ծախսվում է»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը։
Այսինքն՝ շաքարային դիաբետ ունեցող քաղաքացին տարեկան ծախսում է 1 միլիոն 224 հազար դրամ։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ ս է նախարարության շահարկած սոցիալական հավասարությունն ու հավասարակշռությունն ապահովվելու այս դեպքում. քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացին իր վճարած հարկի հաշվին անվճար դեղորայք ձեռք բերելու հնարավորություն ունենալո՞ւ է։
«Առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի խոսքով, ծրագիրը դեղորայքի փաթեթ է առաջարկում, որով քրոնիկ հիվանդությունների համար անհրաժեշտ արտահիվանդանոցային դեղերից որոշները տրամադրվում են, սակայն դեռ պարզ չէ՝ ինչ սկզբունքով։
«Դեղերի մի մասի համար փոխհատուցում տրամադրվում է 50%-ով, բայց կառավարությունը կհաստատի հիվանդությունների ցանկ, որոնց համար անհրաժեշտ դեղամիջոցի համար պետությունը 100% փոխհատուցում կտրամադրի։ Այսինքն՝ էդ առումով մարդիկ լրացուցիչ գումար չեն ծախսի, եթե իհարկե բրենդային դեղեր չեն ընտրել, այդ դեպքում իրենք ստիպված կլինեն իրենց գրպանից գումար ավելացնել տրամադրված գումարին, որպեսզի կարողանան գնել իրենց նախընտրած բրենդի դեղը»,- նշեց Սամվել Խարազյանը։
Այսինքն՝ պետությունը կհարկի քաղաքացիներին, և նրանց կտրամադրի «ոչ բրենդային» դեղորայք, որից չեն հրաժարվի այն քաղաքացիները, ովքեր այժմ էլ պետպատվերի շրջանակում ընդունում են պետության տրամադրած դեղորայքը։ Իսկ ովքեր նախընտրում են թանկարժեք դեղեր օգտագործել, կամ բժիշկների նշանակած «բրենդային» դեղերը պետք է ընդունեն... նրանք թերևս սեփական միջոցներով կշարունակեն գնել իրենց ամսական դեղերի փաթեթը։
Հավելենք, որ ըստ նախագծի՝ առողջության համապարփակ ապահովագրությունը նախատեսվում է ներդնել 2022 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Առողջության հարկի վերաբերյալ ֆիննախի նախընտրած շեմը զրոն է. Ատոմ Ջանջուղազյան
- Նոր հարկատեսակ. առաջարկվում է վճարել 4-6% առողջության հարկ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա