ՀՀԿ-ի պատվերով նկարվում էիք. Ավագանու անդամ
«Պարոն քաղաքապետ, հերիք ա տենց ցինիկ ծիծաղեք»,- այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում իր ելույթի ընթացքում նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
Վարդանանի ելույթի ընդհատեց քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը՝ նշելով, որ կանոնակարգի կոպտագույն խախտում է տեղի ունենում։
Ի պատասխան Համբարձումյանի խոսքի՝ Վարդանյանը նշեց, որ կանոնակարգի կոպտագույն խախտտումն այն է, որ քաղաքապետի խորհրդականը ընդհատում է ավագանու անդամի խոսքը։
Քաղաքապետ Հայկ Մարությանը պահանջեց անջատել Թեհմինա Վարդանյանի խոսափողը։
«Տիկին Վարդանյան, Ձեր խոսքը չի կարող ժպիտ չառաջացնել»,- նշեց Մարությանը։
Վարդանյանի խոսափողը անջատելու փաստը անարձագանք չմնաց։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ անգամ ՀՀԿ-ի օրոք նման դեպքեր չեն եղել, որևէ մեկը ավագանու անդամի խոսափողը չի անջատել՝ պատճառաբանելով, որ թեմայից շեղում կա։
«Ես թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի, և դուք որոշեք, թե մենք կարող ենք արդյոք այլ թեմայի անդրադառնալ, թե ոչ։ Եթե հիշում եք՝ Տարոն Մարգարյանը որևէ անգամ չի անջատել ավագանու անդամի խոսափողը»,- նշեց Խաժակյանը։
Հայկ Մարությանը արձագանքեց՝ նշելով, որ ավագանու «Լույս» խմբակցությունը հաճույքով է հիշում ՀՀԿ-ի ժամանակաշրջանը և շատ կոմֆորտ էր իրեն զգում։
Արձագանքելով Մարությանին՝ «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը տեղից բղավեց. «Մենք Նիկոլ Փաշինյանի թիմի հետ էինք, երբ դուք ՀՀԿ-ի պատվերով նկարվում էիք»։