Ռեալ կարող ենք խոսել 140-150 հազար տոննա խաղողի բերքի մասին. Ավագ Հարությունյան
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի գնահատմամբ՝ այս տարին հաջող էր գինեգործների համար։
Նրա խոսքով՝ թե պաշտոնական, թե իրական տվյալներով, խաղողի մթերման ծավալներն այս տարի աճել են, դրան զուգահեռ ավելացել են գինու արտադրության և արտահանման ծավալները։ «Բոլոր ցուցանիշներով ունենք աճ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավագ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է մթերման ծավալներին, գինեգործների միության նախագահն ասաց, որ մինչև հեղափոխությունը խաղողի մթերման ծավալների երկու թիվ է ներկայացվել՝ իրական և պաշտոնական. «Հեղափոխությունից հետո խաղողի մթերման առումով ցույց տվեցինք այն, ինչ ունեինք»։
Նա միաժամանակ նշեց, որ այսօր էլ դեռևս չեն կարող հստակ ասել, որ թվերը ճգրտությամբ ներկայացվում են։ «Նախորդ տարի բերքը մի փոքր՝ 10 կամ 20 հազար տոնայով ավելի ներկայացվեց, քան իրական ծավալն էր, սակայն չեմ կարծում, որ այդ առումով կարող ենք միայն ստվերի մասին խոսել, կարծում եմ, որ ավելի շատ մեթոդաբանական խնդիր էր։ Ամեն դեպքում, հեղափոխության առաջին տարում ստվեր չկար, իսկ հեղափոխության երկրորդ տարում պաշտոնական թվերը դեռևս չեն հրապարակվել։ Սկզբում խոսվում էր 210-220 հազար տոննայի մասին, սակայն ռեալ կարող ենք խոսել 140-150 հազար տոննա բերքի մասին»,- ասաց Ավագ Հարությունյանը։
Ըստ նրա՝ այժմ ստուգումներ են իրականացվում, ուստի կարծում է, որ պաշտոնական տվյալներով մթերված խաղողի ծավալը կկազմի 155-170 հազար տոննա, ինչը իրական թվերի համեմատ 10-15%-ով ավելի կլինի։
Նա նաև ասաց, որ այս տարի խաղողի գինը համեմատաբար բարձր է եղել. 1 կգ-ի հաշվով 5-7 դրամով բարձրացել է խաղողի մթերման գինը։
Միության նախագահը նշեց, որ վերջին տարիներին հայկական գինիների իրացման աշխարհագրությունը փոխվել է` մասնավորապես նկատելի կրճատվել է կախվածությունը ռուսական շուկայից։
Ըստ Ավագ Հարությունյանի՝ եթե վերջին 20 տարիներին հայկական գինիների 95 տոկոսից ավելին արտահանվում էր Ռուսաստան, ապա ի ուրախություն հայ գինեգործների, այսօր ՌԴ է արտահանվում շուրջ 71%-ը, այսինքն՝ արտահանման աշխարհագրությունը փոխվել Ռուսաստանից դեպի Չինաստան, ԱՄՆ և Եվրոպա։
«Արտահանման կառուցվածքում Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը, երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում՝ Շվեյցարիան, չորրորդում՝ ԱՄՆ-ը, հինգերորդում՝ Ֆրանսիան և Լեհաստանը»,- նշեց Ավագ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի խաղողի մթերման առումով ոչ մի աղմուկ-աղաղակ չկա. վարչապետ
- Խաղողի այգիները կորցնում ենք. մասնագետները ահազանգում են
- Կոսմետիկ փոփոխություններով տնտեսական հեղափոխություն չի լինում.Ավագ Հարությունյան