Արթուր Ղամբարյան. Իրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը
Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին։
«Այն մշտապես համարել եմ պետական ապարատում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը:
Ցավոք, Նախագծում նկատեցի մտահոգության տեղիք տվող մի մոտեցում՝ օրենքի գործողության ոլորտն այն աստիճանի է ընդլայնվել, որ ընդգրկում է նաև մասնավոր անձանց տնտեսական գործունեությանը: Օրինակ՝ առևտրային կաշառք (ՀՀ ՔՕ 200 հոդված), Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը (ՀՀ ՔՕ 214 հոդված) և այլն:
Հարց՝ ինչո՞ւ է փորձ արվում պատմական զարգացման այս փուլում Նախագծի գործողությունը տարածել ոչ միայն հանրային պաշտոնատար անձանց (նախկին և ներկա) և նրանց հետ փոխկապակցված անձանց վրա, այլ նաև մասնավոր անձանց տնտեսական գործունեության վրա: Կարծում էի, որ այս փուլում Նախագծի առաջնային խնդիրն է պետական ապարատում բացառել օրենքով չնախատեսված կամ ապօրինի աղբյուրներից նյութական արժեքների ձևավորման և օգտագործման հնարավորությունը:
Անկասկած ցանկացած մարդու մոտ՝ անկախ նրանից պաշտոնատար անձ է, թե ոչ, ժամանակի ընթացքում պետք է ձևավորել «օրինական աղբյուր – օրինական գույք» և «չհիմնավորված աղբյուր – ապօրինի գույք» մտածողությունը: Իրավունքի սկզբունքի արժեք ունի այն, որ հակաիրավական ակտից չի կարելի իրավական օգուտներ քաղել (ex injuria non oritur jus):
Սակայն սեփականության իրավունքի ոլորտում քաղաքականություն մշակելիս պետք է խուսափել չհիմնավորված շտապողականությունից և մաքսիմալիզմից: Սոցիալական կյանքը բաղկացած է ոչ միայն իրավական շերտից, այլ նաև տնտեսականից, որը, անկասկած, ունի բազիսային նշանակություն:
Կարծում եմ այս փուլում օրենքում պետք է հստակ ամրագրել, որ այն տարածվում է միայն ներկա և նախկին հանրային ծառայողների և փոխկապակցված անձանց վրա:
Իրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը: Այս նախագիծը պետք է կառուցել իշխանության ինքնասահմանափակման տրամաբանությամբ: Հակառակ դեպքում կունենանք «իրավականին և ոչ իրավականին» մարգինալ (սահմանային) կարգավորումներ»,-գրել է նա։