Աշոտ Մելիքյան. Պատշաճ վերահսկողություն չեն կարողանում իրականացնել, տեղեկատվության ազատությունն են սահմանափակում
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու Հայաստանի շրջակա միջավայրի վրա։ Նման կարծիք ունեն Շրջակա միջավայրի նախարարությունում։
«Եթե Շրջակա միջավայրի նախարարությունը չի տրամադրում տեղեկատվություն օրինակ Կովկասյան ընձառյուծի բնակավայրի հետ կապված, սա պրոբլե՞մ է հասարակության կամ ՀԿ-ների համար, թե՞ ոչ։ Հարցում կատարողը կարող է լինել պոտենցիալ «որսագող» ու այդ տարածքներում որսագողություն իրականացել»,-դրական ազդեցության որպես մի օրինակ ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։
Նա մեծագույն խնդիր է համարում այն, որ փոփոխությունների վերաբերյալ քննարկումները միանգամից ծավալվել են հանրային հարթակում։
«Որքան ես տեղյակ եմ հասարակական սեկտորից որևէ դիմում չի եղել փոփոխությունների հետ կապված նախարարությունում քննարկում անցկացնելու վերաբերյալ»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին առաջինը մտահոգություն հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշոն Դոյդոյանը, երբ նախագիծն արդեն հրապարակվել էր e-draft-ում։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն ի պտասխան նկատեց՝ նախարարի մամուլի խոսնակի պատկերացումները քննարկումների մասին թյուր են, հասարակությունը ներգրավվում է գործընթացում գաղափարները քննարկելիս։
«Դուք առաջարկված փոփոխությունները քննարկելիս պետք է ներգրավեիք փորձագետներին, եթե այդ փուլից սկսեիք քննարկումներն, ապա ավելի որակյալ օրինագիծ կլիներ»,-ասաց Կոմիտեի ղեկավարը։
Նա նաև նկատեց, իր բազմամյա փորձը ցույց է տվել, եթե պետական մի օղակ թերանում է իր առաքելությունն իրականացնելիս, ապա փորձում է նվազեցնել տեղեկատվական հոսքերը։ Այս պարագայում պետք է իրականացնել պատշաճ հսկողություն՝ տեղեկատվության ազատության համար խոչընդոտներ ստեղծելու փոխարեն։
«Նախագծի ոչ ընթացակարգը, ոչ բովանդակությունը, ըստ ինձ, որևէ քննադատության չի դիմանում»,-ասաց Մելիքյանը։
Քննարկման մյուս բանախոս՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանն էլ նկատեց, քաղհասարակությունը պետք է քննարկումներում ներգրավվի հենց գաղափարների քննարկման ժամանակ, հակառակ դեպքում կարող է պարզվել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը, որ ծախսել է ռեսուրսներ ու ժամանակ, մեծ վնաս է առաջացրել տեղեկատվության ազատության համար։
Ինչ վերաբերում է քննարկումները հանրային հարթակ տեղափոխելուն, ապա ՀԿ նախագահն ընդգծեց, առաջին քայլն արել է նախարարությունը՝ օրինագիծը հրապարակելով e-draft-ում։
«Քայլը եղել է ձերը, մերը եղել է ռեակցիա, արձագանք ձեր կողմից կատարված քայլին»,-ասաց նա։
Ոլորտի գիտակն ընդգծեց, որ իրենց գլխավոր մտահոգությունը ոչ թե քննարկումներին մասնակից չդառնալն է, այլ այն, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը չի կարող և չպետք է ենթարկվի ոլորտային փոփոխությունների, հակառակ դեպքում ազատության սահմանափակող նախաձեռնություններով կսկսեն հանդես գալ այլ գերատեսչություններ։
«Եվ այդպես, կսկսեն բզկտել այս օրենքը։ Այսինքն, եթե հիմքը դրվում է սխալ, ամբողջ գործընթացն այդպես է ընթանում է։ Մեր ընդդիմության մեխը հետևյալն է՝ չի կարելի և պետք է բացառել այս հույժ կարևոր օրենքը՝ հակակոռուպցիոն հզոր գործիքը մասնատելը և հատվածային, ոլորտային բարեփոխումների ենթարկելը։ Մենք պետք է խնդրենք, որ այս օրենքին ձեռ չտաք»,-խնդիրը բանաձևեց Դոյդոյանը՝ նշելով, առաջարկվող հպանցիկ փոփոխությունները վնասում են օրենքի կառուցվածքին, տրամաբանությանն ու ազդեցությանը։
Լրագրող Արման Սուլեյմանյանն էլ ձևական համարեց այդ փոփոխությունները, ընդգծեց, եթե նախարարությունը ցանկանում է վերահսկողություն իրականացնել, ապա հենց այս օրերին պետք է սկսի փողոցներում ամեն քայլափոխի վաճառվող սիգից։
«Նախ պետք է սիգի ապօրինի որսը կասեցն ենք, հետո հավաքվեինք մի սենյակում, ասիենք, լավ էս անտանելի լրագրողների դեմը ո՞նց առնենք»,-ասաց Արման Սուլեյմանյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է լինի թափանցիկ ու հաշվետվողական։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան