Հայաստանում ռազմաարդյունաբերության ոլորտի խնդիրներն ու լուծումները քննարկվել են գիտաժողովի ընթացքում
Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է «Հայկական ռազմաարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով գիտաժողով, որին ներկա էին պետական կառավարման մարմինների, ռազմական, տնտեսագիտական, քաղաքական և ինժեներական գիտական համայնքի ներկայացուցիչներ, փորձագետներ և ռազմաարդյունաբերության ոլորտի գործարարներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածած հաղորդագրությունից:
Գիտաժողովն իր բնույթով առաջինն էր Հայաստանում, այն իմաստով, որ առաջին անգամ բաց քննարկման հարթակ էր տրամադրվել Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման խնդիրներին և խոչընդոտներին անդրադառնալու և համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիները որոնելու նպատակով։
Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, անդրադառնալով գիտաժողովի նպատակներին, որպես հիմնական նպատակ նշեց ռազմաարդյունաբերության զարգացման առաջնահերթությունների ուրվագծումը՝ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ: Նա շեշտեց գիտաժողովի կարևորությունը Հայաստանում ռազմական տնտեսագիտության՝ որպես գիտական առանձին դիսցիպլինի զարգացմանը նպաստելու և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների համար գիտական քննարկումների գործնական հնարավորությունների ստեղծման առումով՝ ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի շուրջ։
Գիտաժողովում ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Արծրուն Հովհաննիսյանը, «ՀՀ Ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միություն» ՀԿ խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Ավագյանը։
Գիտական զեկուցումներով հանդես եկան գիտաժողովի կազմակերպիչ-համադասողներ՝ ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը և խմբի գիտնական-վերլուծաբան տ.գ.թ. Ազատ Դավթյանը։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ ներկայացրեցին նաև մի շարք անվանի գիտնականներ, փորձագետներ, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ:
Հնչած զեկուցումների շուրջ ծավալվեցին բովանդակային, հետաքրքիր և օգտակար քննարկումներ, մտքերի փոխանակություն, հնչեցին կարևոր դիտարկումներ Հայաստանում ռազմաարդյու-նաբերության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ: Որոշում կայացվեց ռազմաարդյունաբերության զարգացման հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում և նման գիտաժողովների կազմակերպումը ՊԱՀՀ-ում դարձնել շարունակական: