Դեկտեմբերի +22-ի հետևանքները գյուղատնտեսության համար
Դեկտեմբերի 20-ին հանրապետության մի քանի մարզերում ցերեկվա ժամերին կգրանցվի +20-ից բարձր ջերմաստիճան։ ԱԻ նախարարության կանխատեսումների համաձայն, այդ օրը ցերեկը Տավուշում, Սյունիքի, Արցախի հովիտներում կգրանցվի +22 աստիճան տաքություն, Լոռիում՝ +19 աստիճան։ Նախորդող ու հաջորդող օրերին 1-2 աստիճանով ցածր ջերմաստիճան կգրանցվի։
Բարձր ջերմային ֆոնը ինչպե՞ս կանդրադառնա գյուղատնտեսության վրա։ Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշեց՝ առայժմ անհանգստանալու պատճառ չկա, թեև նախորդ տարիների համեմատ ջերմաստիճանը +5-+6 աստիճանով բարձր է։
«Իհարկե, տարվա այս եղանակին նման բարձր ջերմաստիճանային ռեժիմ ցանկալի չէ։ Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ անհագստանալու լուրջ առիթ չեմ տեսնում, քանի որ պտղատու ծառատեսակներն ու խաղողի վազերը գտնվում են արտադրական հանգստի փուլում»,-մանրամասնեց գյուղատնտեսը։
Նա ուշադրություն է հրավիրում ևս մի կարևոր հանգամանքի վրա, այս օրերին ցերեկվա տևողությունը ամենակարճն է, իսկ գիշերվա ժամերին գրանցվում է 0-ից ցածր ջերմաստիճան։
«Հետևաբար, բացասական ջերմաստիճանի՝ ժամային տևողությունն ավելի շատ է։ Նաև պետք է նկատի ունենանք, որ մինչև ժամը 11-12-ը դեռևս սառը ջերմաստիճանը պահպանվում է։ Օրվա մեջ 4-5 ժամ է, որ բարձր ջերմաստիճան կարող է գրանցվել»,-ասաց մասնագետը։
Եթե տաք եղանակը պահպանվի նույնիսկ առաջիկա մեկ շաբաթում, որևէ խնդիր չի լինի, սակայն եթե նման բարձր ջերմային ֆոնը պահպանվի 15 օրվա ընթացքում, ապա պետք է անհանգստանալ։
«Հատկապես պետք է անհանգստանալ, եթե գիշերային ժամերին գրանցվի դրական ջերմաստիճան։ Տավուշի, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում անհանգստանալու պատճառ կլինի»,-նշեց Գառնիկ Պետրոսյանը։
Տևական բարձր ջերմաստիճանը բացասաբար կանդրադառնա հատկապես կորիզավոր պտղատեսակների համար։
Պետրոսյանը կարծում է, որ պետք չէ առաջ ընկնել, եղանակային պայմանների փոփոխություն կարելի է լինել ամեն պահի։
«Հիմա ուղղակի շատ վաղ է կանխատեսումներ անելու, գնահատականներ տալու ու մտահոգություններ հայտնելու համար։ Հունվարի 15-ից հետո արդեն միգուցե կկարողանանք նախնական գնահատական տալը»,-հստակեցրեց նա։