2019 թ-ին քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5,5 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահի տեղակալ
2019 թվականի հունվար-նոյեմբերին տնտեսական հանցագործությունների ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմինները հարուցել են 409 քրեական գործ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն և մաքսանենգության դեպքերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ հարուցված քրգործերն այս տարի 63-ով ավելի են։ Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ 2018 թ-ին հարուցված քրգործերի շրջանակում պետությանը պատճառված վնասը կազմել է 20,2 մլրդ դրամ, իսկ 2019-ին հարուցված 409 քրգործով՝ 20,8 մլրդ դրամ:
Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ այս տարվա 11 ամիսներին 151 քրգործ հարուցվել է հարկերից խուսափելու փաստով, իսկ 128 քրգործ՝ մաքսանենգության դեպքերով, իսկ 36 դեպքով քրեական գործեր հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով: Նշվեց նաև, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով հարուցվել է 21 քրգործ, իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով՝ 128 քրգործ։
Այս տարվա 11 ամիսներին, ըստ նրա, ՊԵԿ-ի կողմից հարուցվել է 27 165 վարչական վարույթ, որոնցով առաջադրված տուգանքի գումարը կազմել է 452 մլն դրամ. փաստացի վերականգնվել է 370 մլն դրամը:
«2018-ի նույն ժամանակահատվածում հարուցվել է 22 083 վարչական վարույթ, առաջադրվել է 493 մլն դրամի տուգանք, փաստացի գանձվել է 433 մլն դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Էդվարդ Հովհաննիսյանը նշեց նաև, որ չվճարված հարկային պարտավորությունների գծով, 2019 թ-ի հաշվետու ժամանակաշրջանում կայացվել է գանձման 26 108 որոշում, որոնցով ընդհանուր գումարը կազմել է 55,5 մլրդ դրամ, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ. «2018-ին կայացվել է 5380 նման որոշում՝ 17,2 մլրդ դրամի չափով, փաստացի վերականգնվել է 13,2 մլրդ դրամը»։
Նա նաև հայտնեց, որ 2019 թ-ի ընթացքում քրգործերով պետբյուջե է վերականգնվել 5,5 մլրդ դրամ՝ 2018 թվականի 6,8 մլրդ դրամի փոխարեն։
Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ ՊԵԿ-ը գործարար միջավայրում առողջ մթնոլորտ ձևավորելու նկատառումներից ելնելով այս տարի շարունակել է լայնածավալ աշխատանքներ իրականացնել հարկային իրավախախտումների կանխման և խափանման, տնտեսական հանցագործությունների բացահայտման և դրանց հետևանքով պետությանը պատճառած վնասների վերականգնման ուղղությամբ։
Նրա խոսքով, ըստ անհրաժեշտության, կազմակերպվել և իրականացվել են մի շարք աշխատանքներ՝ կապված հարկեր վճարելուց խուսափելու, կանխամտածված անվճարունակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ հսկողություն ապահովելու ուղղությամբ։ Հատկապես կարևորվել են ստվերի, ստվերային տնտեսության բացահայտման և նվազեցման ուղղությամբ քայլերը։
Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ իրականացված միջոցառումների արդյունքում ուսումնասիրվել են օրենքի դաշտից դուրս գործող տնտեսվարողների գործունեությունը և ձեռնարկվել են համապատասխան գործողություններ։
Մասնավորապես, ուսումնասիրել են փաստաբանական, իրավաբանական ծառայություններ մատուցող մի քանի տասնյակ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, վեր են հանվել դրանց կողմից շրջանառության հնարավոր թերհայտարարագրման ռիսկերը։ Արդյունքում, մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ընդունել են վեր հանված ռիսկերը և հարկային մարմին են ներկայացրել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ։
ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց նաև, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հասարակական սննդի մատուցմամբ զբաղվող խոշոր օբյեկտներում, դրանց կողմից շրջանառության թերհայտարարագրման ռիսկերի, աշխատակիցներին վճարվող իրական աշխատավարձի չափերի պարզման ուղղությամբ: Արդյունքում պարզվել է, որ հասարակական սննդի բազմաթիվ օբյեկտներ թերի են հաշվառել իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձի իրական չափերը և խուսափել իրենց հարկային պարտավորությունները կատարելուց:
«Հիմնականում վեր հանված ռիսկերը ընդունվել են տնտեսվարողների կողմից և նրանք ներկայացրել են ճշգրտված հաշվետվություններ: Ընդհանուր առմամբ, իրականացված միջոցառումների արդյունքում միայն աշխատավարձի գծով պակաս վճարված եկամտային հարկի դրվագներով հաշվարկվել է ավելի քան 40 մլն դրամ հարկային պարտավորություն, որոնցով հարկեր վճարելուց խուսափելու համար հարուցվել են քրեական գործեր»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։