Հայաստան է ներկրվել ևս 30 տոհմային երինջ
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Հայաստան է բերվել կենդանիների հերթական խմբաքանակը` 30 գլուխ սիմենթալ և հոլշտին ցեղերի տոհմային երինջ:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կենդանիները ներկրվել են Չեխիայի Հանրապետությունից՝ «Գրանդ Միլք» ընկերության կողմից, որը ծրագրի շրջանակում առաջին անգամ է կազմակերպում կենդանիների ներմուծում հանրապետություն:
Ընդհանուր առմամբ, ծրագրով հանրապետություն է ներկրվել և հաշվառվել արդեն իսկ 136 գլուխ տոհմային երինջ, որոնց գերակշիռ մասը ձեռք են բերել Վայոց ձորի մարզի տնտեսվարողները, ինչպես նաև Տավուշի և Շիրակի մարզերի ֆերմերները:
«Նշված ծրագրի շրջանակներում արդեն ստացվել է շուրջ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ներկրելու հայտ, ընդ որում, նշված խմբաքանակի մասով ֆինանսական կառույցները տվել են նաև ֆինանսավորման դրական եզրակացություն», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:
Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ներկրել ևս 163 տոհմային կենդանի, որոնց գերակշիռ մասը` 123 գլուխ, նույնպես ձեռք են բերվելու Վայոց ձորի տնտեսվարողների կողմից:
Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։