Կեղծ ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի արագ արձագանքման սակրավորական հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ոստիկանության շենքում ու հարակից տարածքում իրականացրել տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: