Դավիթ Խաժակյան. Ինչ որոշում կայացնի կուսակցությունը, այնպես էլ կվարվեմ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատրաստ է ընդունել կուսակցության ցանկացած որոշում։
«Սա տեսակետներից մեկն էր, որը կքննարկվի առաջիկայում ու որոշում կկայացվի։ Խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են, հասկանում եմ, պետք է լուծվեն։ Լուծմանը կհանգենք միասնաբար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խաժակյանը։
Անձամբ նրա համար նախընտրելի կլինի գալ ընդհանրական տեսակետի ու հետագայում զերծ մնալ նման դրսևորումներց, որոնք, Խաժակյանի ձևակերպմամբ, խանգարում են բուն խոսքը տեղ հասցնելուն։
Հիշեցնենք, որ այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում քննարկվում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:
Պատճառը խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանի՝ երեկվա ելույթն է, որով անձնական վիրավորանք է հասցրել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վարդանյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել նրա արտահայտությունների համար։
Հարցը քննարկվե՞լ է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ, հարցրեցինք Խաժակյանին։
«Դժվարանում եմ պատասխանել, երեկ պարոն Մարուքյանի հետ քննարկում ունեցել եմ, մտադրություն ունեցել է խոսել պարոն Սարգսյանի հետ, բայց տեղյակ չեմ՝ կայացե՞լ է այդ խոսակցությունը, թե՞ ոչ»,-ասաց նա։
Խմբակցության ղեկավարի խոսքով, երեկ ավագանու նիստում Թեհմինե Վարդանյանի ելույթից հետո արձագանքները շատ բուռն էին, իրենք պետք է պատասխանեին դրանց։
«Քննարկումներ «Լույս» խմբակցության ձևաչափում մենք բազմիցս ունեցել ենք, թե ինչ անենք, որ մեր հանրային խոսքն ընկալելի լինի և չանցնենք անձնական վիրավորանքների դաշտը։ Բայց երեկ նաև քաղաքապետի որոշակի սադրանքներից հետո տիկին Վարդանյանը բարկացած ելույթ ունեցավ և անձնական վիրավորական ձևակերպումներ տվեց․ Սա բերեց նրան, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու նրա անդամներին ասում էին՝ դուք լրիվ ձեր չափն անցել եք։ Մենք մարդկանց բացատրում էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ եմ միայն ես։ Մենք չենք կարող պատասխանատվություն կրել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների հռետորաբանության համար»,-նշեց նա։
Անդրադառնալով գլխավոր դատախազին ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը, ապա Խաժակյանը նկատեց՝ երեկու շաբաթ շարունակ քննարկում են ու այդպես էլ եզրակացության չեն գալիս՝ պե՞տք է գործ հարուցել, թե՞ պետք չէ։
«Սա տարակուսելի է ինձ համար։ Ես արեցի նաև հաջորդ քայլը, երեկվա նիստում փաստեր հրապարակեցի, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահումն ուղեկցվել է փաստաթղթեր կեղծելով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Նկարե՞լ եք քաղաքապետին, որ հռհռում էր
- Մարուքյան. Կան իրավիճակներ, որոնք Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա պատասխանատվություն է կրում դրանց համար
- Խաժակյան. Հարցերին կպատասխանեմ Մարուքյանի ասուլիսից հետո
- Մարուքյան. Կուսակցությունը քննարկում է Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը