Ներկայացուցիչների պալատն այս շաբաթվա ընթացքում կքվեարկի Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այս շաբաթվա ընթացքում քվեարկելու է նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու հարցը։ Դրանից հետո Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, հունվարի սկզբին կանցկացնի դատավարությունը։ Այդ պատճառով Սպիտակ տունը նախապատրաստվում է այս «ճակատամարտին»։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Դեմոկրատ կոնգրեսականները պահանջում են, որ Սենատը դատավարության ընթացքում հրավիրի հավելյալ վկաների, այդ թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեյին և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին։
Սպիտակ տունն այս գործընթացն անվանում է «կուսակցական խայտառակ գործընթաց»։ Իսկ նման հայտարարությունները դրական ազդեցություն են գործում Թրամփի աջակից զանգվածի դիրքորոշման վրա։
«Ու եթե նախագահի աջակիցների թիվը չի պակասում, հանրապետական սենատորները դժվար թե որոշեն երես թեքել նրանից»,- ասում է վերլուծաբան Թոդ Բելթը։
Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելը խոստացել է «լիովին համագործակցել» վարչակազմի հետ, ինչը մեծաթիվ փորձագետների է թույլ տալիս նրան քննադատել անկողմնակալ լինելու պարտավորությունը ոտնահարելու համար։
Հանրապետականների ռազմավարության ուղղություններից մեկը մնում է նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընին կոռուպցիայի մեջ մեղադրելու քաղաքականությունը։ Նրանք մեղադրում են Բայդընին այն բանի համար, որ նա թույլ է տվել իր որդուն դառնալ ուկրաինական էներգետիկ մի ընկերության խորհրդի անդամ այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը։ Ջո Բայդընը մերժում է Թրամփի իմպիչմենթի դատավարությանը հանդես գալու կոչերը՝ այդ կոչերը համարելով ուշադրությունը շեղելու Թրամփի կողմից կազմակերպված դավադրություն։
Վերլուծաբաններից շատերն են ասում, որ այդ մեղադրանքները Բայդընի ընտրարշավի վրա կարող են թողնել բացասական ազդեցություն։