2020 թ-ին ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարները կրկնապատկվելու են. Հակոբ Արշակյան
Այս տարի տնտեսումների հաշվին շուրջ 1 մլրդ դրամ (984 մլն դրամ) հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին նոր մշակումներ և նախագծեր սկսելու համար։ Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նախարարը կարևորեց այն, որ այժմ ռազմարդյունաբերական համալիրը գործում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ենթակայության տակ։
«Ստեղծել ենք մի իրավիճակ, որ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաներն ու հնարավորությունները կիրառելով ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ, զենքի-զինամթերքի, սպառազինության արդիականացման քայլեր իրականացնել»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Նա նաև ասաց, որ արդեն հայտարարել են՝ 2020 թվականին ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարները կրկնապատկվելու են։
Հակոբ Արշակյանը նշեց նաև, որ նախարարությունը մշակել է երեք ռազմավարություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, որոնք արդեն դրվել են հանրային քննարկման:
Նախարարը նշեց, որ 2018 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը հասնում է 15 հազարի, որոնց 38%-ը կանայք են։ Ընդ որում, կանանց ներգրավվածության ցուցանիշով Հայաստանն աշխարհի առաջատար երկրների շարքում է։
Հակոբ Արշակյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ոլորտի շրջանառությունը հիմնականում գեներացվում է աշխատակիցների աշխատավարձերի տեսքով։
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայկական ընկերություններն իրենց գումարները հիմնականում գեներացնում են դրսում, դրսի իրենց կազմակերպություններում, իսկ Հայաստան գալիս է միայն աշխատավարձը։ Եվ դա բերում է նրան, որ շրջանառության այսպիսի փոքր թվեր ունենք: Մեկ աշխատակցին բաժին ընկնող շրջանառությունը կազմում է մոտ 16,5 հազար դոլար, մինչդեռ մենք գիտենք, որ տեխնոլոգիական ոլորտում մեկ աշխատակցի կողմից գեներացրած արդյունքը տարեկան առնվազն 45-50 հազար դոլար պետք է լինի: Սա նշանակում է, որ ռազմավարությունում պետք է կիրառենք այնպիսի մեխանիզմներ, որ այդ ընկերություններն իրենց ամբողջ գումարը շրջանառեն Հայաստանում»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին