Կմշակի նոր՝ ՏՀՏ ոլորտի 2020-2025 թթ-ի ռազմավարությունը
Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունը կմշակի նոր ռազմավարություն՝ 2020-2025 թվականների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ 2017-2021 թվականների ռազմավարության որոշ դրույթներ արդեն իսկ կյանքի է կոչվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր ռազմավարություն մշակել։
Կարեն Վարդանյանը նշեց, որ նախորդ ռազմավարությունը գրվել է ոչ թե միության, այլ ամբողջ երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար:
«Այսօր մեր ռազմավարության որոշ դրույթներ արդեն իսկ իրականացվել են, մասնավորապես, ստեղծվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ռազմաարդյունաբերությունն էլ միացել է նախարարությանը։ Լուրջ առաջընթաց ունենք կրթության ոլորտում: Հաջողվել է ապահովել դպրոցներում «ԱրՄատ» ինժեներական լաբորատորիաների լայն տարածումը»,- ընդգծեց Կարեն Վարդանյանը:
Նա նաև ասաց, որ երկրում իրավիճակ է փոխվել, ուստի նոր ռազմավարությունը պետք է համապատասխանի երկրում ընթացող գործընթացներին: