Կայացել է«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի ամփոփիչ դաս-համերգը
Դեկտեմբերի 18-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի այս տարվա համերգաշրջանի ամփոփիչ դաս-համերգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Ելույթ է ունեցել Հայաստանի ազգային նվագարաններ պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան: Հնչել են Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Գրիգոր Հախինյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլ հեղինակների ստեղծագործություններից: Համերգի ավարտին դպրոցների տնօրեններին հանձնվել են շնորհակալագրեր՝ ակտիվ համագործակցության համար: Ամփոփիչ դաս-համերգին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, դպրոցների տնօրեններ, դպրոցականներ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին` ժամը 15:00-ին, Գյումրիի «Մարզամշակութային կենտրոնում» պաշտոնապես կտրվի «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» Գյումրու մասնաճյուղի աշխատանքների մեկնարկը: Դասական և ազգային երաժշտության դաս-համերգներին, այսուհետ, կարող են ներկա գտնվել գյումրեցի դպրոցականները: Դաս-համերգների մուտքն ազատ է:
Նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը տարիներ շարունակ իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում, յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 14:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դաս-համերգների միջոցով դպրոցականներին մատուցվում է դասական և ազգային երաժշտություն: Հայտնի երաժիշտները և երաժշտագետները ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների նշանակությունը, դրանց պատմությունը, ինչպես նաև հայկական պարերի սիմվոլիկան: Ինչո՞ւ դաս-համերգ, որովհետև բեմում դաս է համերգի ձևաչափով, և համերգ՝ դասի ձևաչափով:
Ծրագրին մասնակցում են մեր երկրի լավագույն նվագախմբերը, անսամբլներն ու պարային համույթները, որոնք են՝ «Հայաստանի ազգային նվագարաններ» պետական նվագախումբը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի» պետական, «Մուշ» պարային, «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական, Հնագույն երաժշտության «Տաղարան» պետական անսամբլները, հեղինակ-կատարող և բանախոս Էդուարդ Զորիկյանը, «Կարապետյաններ» պարային համույթը և այլ խմբեր: Դպրոցականի ֆիլհարմոնիան գործում է բացառապես անվճար:
Տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ՝ հազարավոր աշակերտներ մասնակցել են նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով ու դրական հույզերով հեռացել դահլիճից: 2019 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացվել է 46 դաս-համերգ: Ֆիլհարմոնիայի դահլիճում այս տարվա ընթացքում դաս-համերգին մասնակցել է 11.445 հանդիսատես: