2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները նորից կնվազեն
2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգի սակագները նորից կնվազեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարար Հակոբ Արշակյանը:
«Ինչպես գիտեք՝ համահարթեցում է տեղի ունեցել, և այս պահին շրջանառության մեջ է ռոումինգի ընդհանրական սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի գործընկերների և օպերատորների հետ արդյունավետ աշխատանք ենք ունեցել։ Արդյունքում, սակագները և՛ մուտքայինի, և՛ ելքայինի տեսանկյունից 11- 44%-ով նվազել են»,- ընդգծեց նախարարը:
Հակոբ Արշակյանը նշեց, որ չի կիսում այն տեսակետը, թե ռոումինգի գործընթացը շատ դանդաղ է առաջ շարժվում։ Նրա խոսքով՝ նախարարության ստեղծումից հետո անմիջապես զբաղվել են այդ հարցով. «Արդեն շոշափելի փոփոխություններ ունենք, մասնավորապես՝ «Յուքոմ»-ի ցանցում ելքային զանգերի դեպքում 15%-ի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44%-ի: Եվ հիմա միասնական 38 դրամ ելք և 25 դրամ մուտք սակագինն է»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ դեռ բանակցություններն ընթանում են, բայց խոստացավ, որ այդ թվերը շատ կիջնեն։ «Խնդիրն այն է, որ Արցախի կառավարությունը մենաշնորհի արտոնություն է տվել մեկ օպերատորի, որի ժամկետը լրանում է 2020 թ-ին, կարծում եմ՝ մրցակցությունը կբերի նրան, որ ոլորտն էլ ավելի կկարգավորվի»,- ընդգծեց նա:
Հակոբ Արշակյանը նշեց նաև, որ ռոումինգ հասկացության վերացումը երկու կոմպոնենտ ունի՝ տնտեսական և քաղաքական: Տնտեսական կոմպոնենտն, ըստ նրա, լուծվում է, իսկ քաղաքական կոմպոնենտի մասին նախընտրեց չխոսել: