Դատավոր Լուսինե Աբգարյանը չբավարարեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։
«Որոշեցի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին մերժել»,-որոշման եզրափակիչ մասն ընթերցեց դատավորը։
Դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանում նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին։
Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք Վարդևանյանը նշեց դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։
Մեկ այլ հանգամանք էլ նրանք նշեցին, ըստ court.am կայքի «արձակուրդներ» բաժնի տեղեկատվության՝ Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է մեկնի արձակուրդ։ Իսկ արձակուրդից 10 օր առաջ դատավորին չի կարող գործ մակագրվել, քանի որ այդ կարճ ժամկետում գործը հնարավոր չէ քննել ըստ էության։ Ի պատասխան՝ Լուսինե Աբգարյանը նշել է, որ իր արձակուրդ մեկնելը տեղափոխվել է դեկտեմբերի 24-ին։
Մեղադրող կողմն անհիմն է համարել ներկայացված փաստերն ու հանգամանքները, նշելով, որ դրանք չեն կարող դատավորի կողմնակալության հարցում կասկածներ առաջացնել։
Հիշեցնենք, որ դատարանը քննարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Դատավորն էլ բավարարել էր մեղադրող կողմի դիմումը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրեցրել դատավոր Աբգարյանին
- «Իրատես». Դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին
- Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը
- Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին