Վերջին 20 տարում միգրանտների թիվը գրեթե կրկնապատկվել է
«Միգրանտների թիվն ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է: 2000 թվականի համեմատ՝ 2019 թվականին նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է. 2000-ին ամբողջ աշխարում եղել է 150 միլիոն միջազգային միգրանտ, այժմ՝ 272 միլիոն, որը կազմում է ողջ աշխարհի բնակչության 3,5 տոկոսը»,-լրագրողների հետ հանդիպմանը տվյալները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղեկալ Իրինա Դավթյանը:
Ներկայացված տվյալներով, միգրանտների 52 տոկոսը տղամարդիկ են, 48 տոկոսը՝ կանայք: 74 տոկոսն աշխատանքայի տարիք ենք՝ 20-64 տարեկան:
Նա ասաց, որ միգրանտների թվի մեջ կրկնապատկվել են նաև հարկադիր բնույթի տեղաշարժով պայմանավորված անձանց թիվը, մասնավորապես, փախստականների թիվը 2000 թվականին կազմել է 14 միլիոն, ներկայումս գնահատվում է 25,9 միլիոն, նույնը վերաբերվում է ներքին տեղահանված անձանց՝ 21 միլիոնից հասել է 41,3 միլիոնի: 272 միլիոն միգրանտի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեն աշխատանքային միգրանտները՝ 164 միլիոն:
Ամենաշատ թվով միգրանտներ ընդունող առաջատար երկրներն են՝ ԱՄՆ, Գերմանիա, Սաուդյան Արաբիա, որպես ծագման երկիր առաջատար են Հնդկաստանը, Մեքսիկան և Չինաստանը:
Ի. Դավթյանն ասաց, որ այս տվյալները վերցված են Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից հրապարաված զեկույցից:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է: