Տարեվերջյան գալա համերգներ` տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ
Դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում և դեկտեմբերի 20-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենան «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների գալա համերգները: Կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես-համերգների ընթացքում կամփոփվի 2019 թ. ընթացքում արվածը։ Ծրագրի անդամները տոնական մթնոլորտում կամփոփեն իրենց ստեղծագործական առաջընթացը և կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համերգի շրջանակում պատանի երաժիշտներն ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Արամ Թալալյանի հետ: Համերգների ընթացքում կկատարվեն եվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
ՀՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է, որը միտված է բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:
Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2019 թթ. մասնակցել են ավելի քան 250 տարբեր միջոցառումների` մրցույթներ, փառատոներ, համերգներ, որոնցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: Ծրագրի ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգներն անցկացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա