«Ժողովուրդ»-ի խմբագրությունում կատարվածը որակում են քայլ ազատ խոսքի դեմ, վախեցնելու փորձ ու լրագրողի աշխատանքի խոչընդոտում
«Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am կայքի խմբագրությունն այս պահին բազմամարդ է։ Ահազանգից հետո այստեղ են գտնվում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով եղել է լրատվամիջոցի հիմնադիր-ղեկավարը, նախկին խմբագիրը, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, բազմաթիվ լրագրողներ։
Այս պահին նրանց մուտքը խմբագրության տակնուվրա արված հատվածները արգելված է, քանի որ իրավապահները գործողություններ են իրականացնում։
«Փորձագետները պետք է տան եզրակացություն, թե երբ է համակարգիչը միացվել, ի՞նչ գործողություններ են իրականացվել, ի՞նչ ինֆորմացիա են փնտրել, որպեսզի պարզ լինի, արդյո՞ք ինչ-որ տվյալներ տարել են, թե եղել է նախազգուշական ակցիա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։
Նա ասաց՝ նախնական տեղեկություններով որևէ բան չեն տարել, բայց չի բացառվում, որ հետագայում պարզվի, ինչ-ինչ փաստաթղեր են անհետացել։ Տեղի ունեցածը Թովմասյանը վատ նախադեպ է որակում, համարում է, որ խոսքի ազատության դեմ ուղղված քայլ։
«Այսօր հենց առավոտից խոչընդոտվել է լրագրողների օրինական ու մասնագիտական գործունեությունը, մինչ այս պահը մենք չենք կարողանում հնարավորություն տալ նրանց աշխատել։ Աշխատանքն այս պահին պարալիզացված է։ Սա արդեն մտահոգիչ է»,-ասաց նա։
Թովմասյանը խմբագրություն եկել է Աժ-ից։ Հասցերել է որոշ գործընկերների հետ պայմանավորվել հայտարարություն անելու շուրջ, որտեղ իրավապահներին ուղղված պահանջներ կլինեն՝ տեղի ունեցածն օր առաջ բացահայտելու վերաբերյալ։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ ընդգծեց, որ սա դիտարկում է մամուլի նկատմամբ տեղի ունեցող դեպքերի շրջանակներում, հիշեցրեց աղաղակող դեպքերից Yerevan.today-ում կատարված խուզարկությունը, համակարգիչների առգրավումը, Hayel.am-ի խմբագրության վրա ձվեր նետելը։
«Բոլոր այս դեպքերի պարագայում էլ մենք վերջնական տեղեկատվություն չունեցանք, թե ինչ հայտնաբերեցին կամ ինչ էին ուզում հասկացնել։ Այս պահին որևէ բան ասել չեմ կարող, բայց սա ես դիտարկում եմ մամուլի, նրա ներկայացուցիչների, մերոնք-ձերոնքի, ֆեյքերի շուրջ հնչեցրած բարձրաստիճան պաշտոնյաների հայտարությունների շրջանակում, չեմ բացառում, որ այս դեպքերն ավելանան։ Ես համարում եմ, որ նման դեպքերը իշխանությունների կողմից խրախուսվում են, կոնկրետ ի նկատի ունեմ «Հայելի»-ի դեպքում»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ տեղի ունեցածը կբացահայտվի։
Սեյրանյանն ընդգծեց, բոլոր ԶԼՄ-ներն ու նրանց ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ մեկ ԶԼՄ-ի դեմ կատարվածը բոլորի դեմ է։ Նա ընդգծեց, կապ չունի դեպքը տեղի է ունեցել իշխնամետ, թե ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ։
«Ինձ համար լրատվամիջոցը լրատվամիջոց է, լրագրողը լրագրող է՝ անկախ այն բանից, թե որ լրատվամիջոցում է աշխատում, այդ բաժանումներն իրենք են արել։ Մենք համախամբվում ենք մասնագիտության, մասնագիտական բարեխղճության շուրջ»,-ասաց Սեյրանյանը։
«Ժողովուրդ» թերթի խմբագիր Քնար Մանուկյանն ընդգծեց՝ կատարվածը որակում է մասնագիտական գործունեությանը խոչընդոտող քայլ։
«Բոլոր դարակները ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները ստուգել են։ Խառնաշփոթը ստեղծել են, բայց որևէ բան չեն տարել։ Խմբագրի՝ իմ սենյակը ամբողջությամբ տակնուվրա արված է, բոլոր տուփերը հատիկ առ հատիկ բացված են։ Ես չգիտեմ ինչ են փնտրել, չեն գտել, կամ գուցե գտել են, այս պահին հստակ ասել չեմ կարող։ Ուզում եմ այս պահին շեշտել մի հանգամանք, մեր աշխատակիցերից մեկի դարակում գումար է եղել, բայց այն տեղում է մնացել»,-ասաց Քնար Մանուկյանը։
Նա նաև հայտարարեց, օրեր առաջ հրավիրվել է ՀՔԾ, հարցաքննվել է մարտի մեկի գործի շրջանակում տված ցուցմունքների հրապարակման կապակցությամբ։
«Նախաքննական գաղտնիք չեմ բացահայտի, բայց ես դիմել եմ ՄԻՊ Արման Թաթոյանին, հայտնել եմ, թե իմ որ իրավունքն է խախտվել։ Դրանից հետո տեղի է ունենում այն, ինչ դուք տեսնում եք։ Իմ կասկածները տանում են նրան , որ միգուցե սա վախեցնելու փորձ է, կամ լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, որևէ լրագրող այս պահին չի կարողանում աշխատել»,-ասաց Քնար Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են փնտրել՝ ամբողջ խմբագրությունը տակն ու վրա անելով. Զոհրաբյան
- Ահազանգ. Անհայտ անձինք մտել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն ու տակնուվրա արել ամեն ինչ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում