«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 9 ընտանիքի կհատկացվի ամենամսյա պատվովճար
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 9 ընտանիքի հատկացնել ամենամսյա պատվովճար:
Կառավարության որոշմամբ պետբյուջեից լրացոիցչի կտրամադրվի 4,32 մլն դրամ։
Նախագծի հիմնավորման համաձայն, առաջարկվում է ամսական այդ ընտանիքներին հատկացնել 40-հազարական դրամ:
Ըստ հիմնավորման՝ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխքիների ոչ բավարար աջակցությամբ էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը:
Ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 և ավելի երեխա: Եթե 1990թ. ՀՀ-ում 3-րդ և հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է: 2017թ-ի տվյալներով ՀՀ-ում ծնված 6-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է:
Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարևոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը եւ երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը: