Այն բոլոր խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ. Փաշինյան
«Այո, ես եմ առաջադրել Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը և ուրախ եմ դրա համար»,- այսօր գործադիրի նիստում Ստեփան Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Ս. Սաֆարյանը ՀՀ-ում երկար տարիներ հանրային քաղաքական գործունեություն է ծավալում, և կարծում է, այս նոր կարգավիճակում նրա գործունեությունը ավելի արդյունավետ կլինի ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի։
Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին վստահության համար։
«Անկեղծ ասած, սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել, որ ես ստացել եմ: Մեծագույն պատիվ է աշխատել Արցախի և Հայաստանի շահերի համար, մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ: Կփորձեմ ինձանից կախված և իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել կառավարության և հանրության կամուրջներից մեկը: Չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար, այդպիսիք շատ են, առավելևս հեղափոխությունից հետո, բայց խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել Ձեզ, օգտակար լինել խորոհուրդներով և օգտակար լինել մեր հանրային ծառայությամբ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Նիկոլ Փաշինյան իր հերթին արձանագրեց՝ այնքան էլ լավ պայմաններում չէ Ս.Սաֆարյանը ստանձնում Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակը, քանի որ ստեղծման առաջին օրվանից խորհրդի նպատակահարմարության և գոյության իրավունքի հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել:
«Իրականում շատ ծանր առաքելություն է լինելու Հանրային խորհրդի նոր նախագահի առաքելությունը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ ապացուցելու, որ որպես կառավարության խորհրդատվական մարմին կարող է լինել էֆեկտիվ:
«Անկեղծ ասեմ, ես ինքս հավատում եմ, և որպես վարչապետ այս ընթացքում ունեցել եմ էֆեկտիվ խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտությունը, բայց դա բոլորիդ աչքի առջև է տեղի ունեցել, իրականությունը բոլորովին այլ է եղել: Պատրաստ եմ լիարժեք՝ այն, ինչ կախված է ինձանից, աջակցել, որ Հանրային խորհուրդը դառնա հարթակ հանրության և կառավարության երկխոսության համար: Ընդ որում, փառք Աստծո, մեր կառավարությունը հանրության հետ ուղիղ երկխոսելու ավանդույթ ունի և դա գնալով կուժեղանա, բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններ չկան: Կարծում եմ, որ ՀԽ կարող է լինել արտախորհրդարանական ուժերի հետ հարաբերությունների կամ հանդիպումների հարթակ: Դա նույնպես կարևոր ուղղություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական պայմանների ահռելի փոփոխություններ և շատ քաղաքական ուժեր չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում իրենց հետ։
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բոլորի, այդ թվում՝ քաղաքական ուժերի համար եղել է անսպասելի. «Հեղափոխությունը տեղի է ունեցել մի պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական ուժերի 99 տոկոսը առաջիկա 10 տարվա համար իր անելիքները պլանավորած է եղել, տեղ-տեղ պայմանավորված, գծագրված է եղել, տեղ-տեղ բաժանված է եղել: Այս իրավիճակում քաղաքական ուժերը մինչև էսօր էլ այդ շոկը չեն հաղթահարել: Կարծում եմ, որ Հանրային խորհուրդը կարող է լինել հարթակ, որտեղ տեղի ունենա ընթացիկ իրավիճակի վերլուծությունը, նաև կդառնա կառավարություն-արտախորհրդարանական ուժերի հանդիպման պլատֆորմ: Կդառնա, թե չի դառնա, մեծապես կախված է լինելու Հանրային խորհրդի աշխատանքից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև Հանրային խորհրդի ձևավորմանը՝ նշելով, որ երբ ընտրվեց վարչապետ, պետք է ձևավորվեր նոր Հանրային խորհուրդ։ Նրա խոսքով՝ երբ խոսվում էր կադրային ջարդի մասին, հայտարարել էր, որ այս նոր պայմաններում յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը, քանի որ նոր էջ են բացում Հայաստանի պատմության մեջ և չեն կարող ասել, որ այդ էջը բաց է ինչ-որ մեկի համար և փակ է ինչ-որ մեկի համար:
«Ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել Հանրային խորհրդի ձևավորմանը, և այդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցող Հանրային խորհրդին: Հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, որոնք եղել են Երրորդ Հանրապետության ձևավորման ակունքներում, ես պատշաճ և պատեհ չեմ համարել, որ առիթն օգտագործեմ և օգտվելով իմ ձեռքն ընկած իշխանությունից պաշտոնանկություններ անեմ և այլն: Հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեն այդ շանսից: Ի դեպ դա միայն այդ կառույցին չի վերաբերում: Բայց մենք տեսել ենք, որ շանս տալը ոմանց կողմից էլի ընկալվել է որպես թուլություն»,-նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ դա կա նաև քաղաքական ուժերում։
«Ասում են՝ ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, պաշտոն տուր, թե չէ հեսա ցույց կանեմ, բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հեսա հարցազրույց կտամ ու կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում Հայաստանում: Էրեխուս գործի ընդունի, թե չէ սենց, թե չէ նենց: Այդ հարաբերությունները չեն կարող լինել: Ինչքան էլ էդ մարդիկ ասուլիս անեն, կիսվեն, 4 մասի բաժանվեն, այդ հարաբերությունը չկա: Այն հարաբերությունները, որ այդ քաղաքական գործիչներն ունեցել են հին իշխանության հետ, նոր իշխանությունն այդ հարաբերությունը չի ունենալու ոչ մի պարագայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական առևտրի էջը Հայաստանում փակված է. «Սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա, որտեղ մտնում են և առուծախի պրոցես է սկսվում։ Առուծախով զբաղվող այն մարդիկ, որոնք շանս են ստացել և չեն հասկացել... ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում է, ընկնում ցեխի մեջ: Հիմա այն բոլոր խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ: Սա այնքան ակնհայտ է, որ դա չհասկանալու համար էլի պետք է մեղադրենք մեր կրթական համակարգին»։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև՝ տարբեր մարդկանց կողմից հնչում են արձագանքներ, որ իրենց և իրենց ընտանիքի հետ կապված քրեական գործեր չհարուցեն, թե չէ կդառնան ընդդիմադիր. «Կներեք արտահայտությանս համար՝ ջհանդամ, թե չեք դառնա, անցած տարի դարձած լինեիք այս տարի ահագին ժամանակ կլիներ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան