ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենթի ենթարկեց Թրամփին. հարցը տեղափոխվում է Սենատ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու՝ նրան իմփպիչմենթի ենթարկելու հանգամանքն արդեն վաղուց էր համարվում անխուսափելի։ Երկար տևած քննարկումներից ու լսումներից հետո չորեքշաբթի օրն անցկացված քվեարկության արդյունքում այդպես էլ եղավ. Թրամփի դեմ ու կողմ հանդես եկող կոնգրեսականների մի շարք ելույթներից հետո, ինչը տևեց ավելի քան ութ ժամ, Ներկայացուցիչների պալատն իմպիչմենթի ենթարկեց նախագահին։
Ո՞րն է շարունակությունը։ Շարունակությունը Կոնգրեսի վերին պալատում է՝ Սենատում, որտեղ արդեն կանցկացվի դատավարություն, ինչպես նախատեսված է երկրի սահմանադրության մեջ։
Սահմանադրությունը Ներկայացիցիչների պալատին տալիս է «իմպիչմենթի լիակատար իրավունք», ինչպես նաև մեղադրանքներ ներկայացնելու իրավունք։ Սակայն Սենատն է, որն անցկացնում է դատավարություն և այն ունի նախագահին հանցագործությունների համար դատապարտելու լիազորություն։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ի պատմության ընթացքում իմպիչմենթի հայտ է ներկայացվել 45 նախագահներից 4-ի դեմ։
Էնդրյու Ջոնսոնին իմպիչմենթի ենթարկելու պատճառը, Կոնգրեսին հակառակվելով, ռազմական նախարարին աշխատանքից ազատելն էր։ Դատապարտումից նա ազատվեց մեկ ձայնի շնորհիվ։
Ռիչարդ Նիքսոնը հրաժարական ներկայացրեց, նախքան Ներկայացուցիչների պալատը կքվեարկեր իմպիչմենթի հոդվածները, որոնցով նա մեղադրվում էր հակադիր քաղաքական կուսակցության գլխավոր շտաբում կատարված կողոպուտի հետաքննությունը խոչընդոտելու համար։
Բիլ Քլինթոնի դեմ իմպիչմենթ ներկայացվեց, երբ նա ստեց՝ հերքելով Սպիտակ տանը փորձաշրջան անցնող աղջկա հետ սեռական կապը։ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց իմպիչմենթին, սակայն 1999թ․ Սենատը արդարացրեց նրան։
Դոնալդ Թրամփի իմպիչմենթը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ստիպել է Ուկրաինայի կառավարությանը հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։
Այսպիսով Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ երրորդ նախագահը, որը ենթարկվեց իմփիչմենթի Կոնգրեսի ստորին պալատում:
Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Ներկայացուցիչների պալատում իմպիչմենթի ենթարկվելուց հետո, Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, նախագահին չի դատապարտի ու նա կշարունակի իր աշխատանքները երկրի նախագահի պաշտոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան