«Կաշվե ձեռնոց» մրցաշարի հաղթողների մեկնաբանությունները
Երևանում ավարտված «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարի հաղթողներ Արման Դարչինյանը (75 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) ՀԱՕԿ-ի հետ զրույցում մեկնաբանել են ցույց տված արդյունքը:
Արման Դարչինյան. «Այս մրցաշարը շատ կարևոր էր, քանի որ որոշվում է, թե ով կներկայացնի Հայաստանը Տոկիո-2020-ի վարկանիշային մրցաշարերում։ Տարվա վերջին մրցաշարն էր, բայց սա նաև մեկնարկ էր հաջորդ տարվա համար։ Եզրափակչում բարդ մենամարտ ստացվեց, քանի որ մրցակիցս ուժեղ բռնցքամարտիկ էր։ Մրցաշարի ընթացքում անցկացրի 2 մենամարտ, քանի որ մյուս մրցակիցներս ինչ-ինչ պատճառներով ռինգ դուրս չեկան։ Դա ունի իր բացասական և դրական կողմերը, քանի որ մի կողմից շատ հարվածներ չէի ստացել, իսկ մյուս կողմից էլ, երբ մինչև եզրափակիչ մենամարտեր ես անցկացնում, ավելի լավ է լինում։ Հաջորդ տարվանից կպատրաստվենք արդեն վարկանիշային մրցաշարերին։ Նպատակս Օլիմպիական խաղերին մասնակցելն է և պետք է պայքարեմ մեդալի համար»։
Գոռ Ներսեսյան. «Երեք մենամարտ եմ անցկացրել, երեքն էլ հաղթել եմ ժամանակից շուտ։ Մրցաշարը շատ լավ էր կազմակերպած, ոգևորիչ էր մասնակցել նման ձևով կազմակերպված մրցաշարի։ Ամենաբարդ մրցակիցս եզրափակչում էր։ Հաջողվեց հաղթել բոլորին, մնաց վարկանիշ նվաճել Օլիմպիական խաղերի համար»։
Հիշեցնենք, որ «Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը հաջորդ տարի պայքարելու է ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա