Հասարակություն 16:44 19/12/2019 Հայաստան

Նարեկ Սամսոնյանը հրապարակել է 101 իրական փաստ «Նոր Հայաստանի» մասին, որոնք երբեք չեք լսի Նիկոլ Փաշինյանից

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հրապարակել է փաստեր իրական «Նոր Հայաստանի» մասին​, որոնք, ըստ նրա, երբեք չեք լսի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Սամսոնյանն ասել է՝  բոլոր փաստերը վերաբերում են 2019 թվականին։

Antifake.am-ը հրապարակել է 101 փաստերը

1. Նիկոլ Փաշինյանը գաղտնի փատաթղթով, խախտելով Սահմանադրությունն ու շրջանցելով օրենսդրական պահանջը, չունենալով դրա իրավունքը, կրկնապատկել է նախարարների, փոխնախարարների և պետական տարբեր գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավար/գլխավոր քարտուղարների աշխատավարձը: Արդյունքում՝ նախարարների ամսական աշխատավարձն այժմ կազմում է 1,5մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1,06 մլն դրամ, իսկ գլխավոր քարտուղարների աշխատավարձը՝  870 հազար դրամ, մինչդեռ նախարարությունների այլ հանրային ծառայողների աշխատավարձը չի բարձրացել:

2. Նիկոլ Փաշինյանը գաղտնի հրամանագրով բարձրացրել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավարի և երկու փոխվարչապետերի աշխատավարձը՝ դարձնելով  1,5 մլն դրամ: Փաստացի, փոխվարչապետերն ու նախարարներն ավելի բարձր են վարձատրվում, քան Հանրապետության նախագահը և Ազգային ժողովի նախագահը։

3. 2019թ. միայն առաջին 10 ամիսներին Ազգային ժողովը 14 անգամ պարգևատրել է պատգամավորներին և ԱԺ աշխատակիցներին. պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դոլար:

4. 2019թ. մայիսին Կառավարությունը Ազգային ժողովին հատկացրել է լրացուցիչ շուրջ 900 մլն դրամ՝ պարգևավճարների և գործողումների համար։ Բացի այդ, ԱԺ-ն ձեռք է բերել 4 ռենտգենային զննող սարքավորում, որից 3-ը  տեղակայվել են ԱԺ անցակետերում, 1-ը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի  մուտքի մոտ:

5. ԱԺ գնումների մոտ 40 տոկոսն իրականացվել է մեկ աղբյուրից՝ առանց մրցույթի, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

6. Ըստ չհերքված տեղեկության, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, 14 հոգանոց պատվիրակությամբ Արցախ այցի ընթացքում տեղի ռեստորաններից մեկում պատվիրել է ամենաթանկարժեք ուտեսներ ու խմիչք: Ճաշկերույթի հաշիվը կազմել է շուրջ 2 մլն դրամ, որը վճարվել է ՀՀ պետբյուջեից:

7. ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար կազմը և աշխատակիցներն ամեն ամիս պարգևավճար են ստացել: 2019թ.-ի հունվարից մինչև նոյեմբեր ՊՎԾ-ում ստացել են շուրջ 180 հազար դոլարի պարգևավճար:

8. Ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 2018 թ. Հայաստանից արտագաղթել է 18.5 հազար մարդ, իսկ 2019 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի բնակչությունը կրճատվել է ևս 11.7 հազարով։

9. 2018 թ. ԱՄՆ խաղարկային վիզաների կամ «Գրին քարտի» խաղարկությանը Հայաստանից դիմել է 110,725 քաղաքացի, որը 14,336-ով ավելի է 2017 թ. և  38,871-ով՝ 2016 թ.-ի համանման դիմումներից: Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

10. 2019թ. շարունակվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական կրճատումը։ Առաջին 9 ամիսների տվյալով ներդրումները կրճատվել են ևս 60 մլն դոլարով՝ կազմելով ընդամենը 68 մլն դոլար։ 2018 թ. երկրորդ եռամսյակից սկսած օտարերկրյա ուղղակի ներդրումներըն իրենց հերթին մեծապես կրճատվել էին նույն տարվա առաջին եռամսյակի և նախընթաց տարիների համադրությամբ։

11. Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ 4 անգամ խոշոր չափի, ընդհանուր առմամբ, 100 մլն դրամը գերազանցող վճարումներ է կատարել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին: Ընդ որում, կուսակցությունից զատ խոշոր՝ 5 մլն և ավելի դրամ անհատական փոխանցումներ են կատարել Արարատ Միրզոյանը, Դավիթ Սանասարյանը, Սիփան Փաշինյանը և տասնյակ այլ գործող պաշտոնյաներ, որոնց հայտարարագրերում նման կարողության մասին տվյալներ չկան: Համաձայն շրջանառվող վարկածի, այս գումարներն իրականում փոխանցել են օլգարխները, իսկ «իմքայականները» պարզապես իրենց անուններից մուտք են արել դաշինքի նախընտրական հաշվեհամարին:

12. Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին 10 միլիոն դրամ անանուն նվիրատվություն է կատարվել, որը կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

13. Նիկոլ Փաշինյանի տիկնոջ վարսահարդար ու ոճաբան Սոֆյա Նավասարդյանը և Հայարփի Հակոբյանը կառավարությունում ընդունվել են աշխատանքի և  սահմանադրական որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանին սպասարկելու համար բյուջեի միջոցներից աշխատավարձի, պարգևավճարների ու գործուղման օրապահիկների տեսքով ստացել են շուրջ 19 մլն դրամ՝ վերջինիս ուղեկցելով նաև արտերկրյա այցերի ժամանակ։

14. «Հայաստան» համահայկական հիմնադրամին վերջին 15 տարիների ընթացքում ամենաքիչ նվիրատվությունն արվել է այս տարի։ Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն իր արտերկրյա այցերի ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների հայկական համայնքների հետ, իսկ աշնանը  չարթերային թռիչքով մեկնել էր Լոս Անջելես՝ հրավիրելով «համահայկական հանրահավաք»:

15. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը, ով համատեղության կարգով նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Ըստ կուսակցության կանոնադրության, այդ հիմնադրամի միջոցով է իրականացվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսավորումը։ Փաստացի, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսները ապահովող/տնօրինող հիմնադրամը ղեկավարում է նույն անձը, ինչը քաղաքական կոռուպցիայի ցայտուն դրսևորում է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացումն էլ վստահվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարո Մաթոսյանին և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի մորը՝ Վերա Սիսեռյանին։ Ինչը ևս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

16. Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցի կազմակերպման նպատակով վարձվել է մասնավոր ինքնաթիռ, որի  համար պետական միջոցներից վճարվել է շուրջ 350 հազար դոլար, ինչն աննախադեպ է, իսկ այցը կազմակերպելու համար պետական բյուջեից ծախսված միջոցները կազմել են մոտ 500 հազար դոլար։

17. Դեկտեմբերի 12-ին կառավարությունը հերթական անգամ 95 մլն դրամով ավելացրել է այս տարվա «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» բյուջեից հատկացվող գումարը։ 2019 թ. պետբյուջեով գործողումների համար նախատեսված է եղել 350 մլն դրամ, մինչդեռ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ արդյունքում դառնալով 880 մլն դրամ:

18. Նիկոլ Փաշինյանը 2015թ. ԱԺ-ում ունեցած ելույթում Հայաստանն անվանել էր «պադավատապետություն», նշելով, թե ՀՀ-ում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի: Մինչդեռ Փաշինյանի վարչապետ դառնալուց գրեթե 2 տարի անց ծառայողական մեքենաների թիվը նվազել է ընդամենը 18%-ով: Այս պահին միայն պետական կառավարման մարմիններն ունեն ավելի քան 350 ծառայողական ավտոմեքենա:

19. Իջևանի նախկին քաղաքապետը քրեական հետապնդման ենթարկվելու սպառնալիքի տակ հրաժարականի դիմում է ներկայացրել, որից հետո Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը:

20. Կառավարության որոշմամբ Իջևանի քաղաքապետի ընտրությունը, որ պետք է լիներ այս տարվա դեկտեմբերի 8-ին, հետաձգվել և նշանակվել է 2020 թ. մարտի 15-ին: Այս ընթացքում իշխանությունը փորձում է իրականացնել համայնքների խոշորացում, որպեսզի ներգրավվելիք գյուղական համայնքների ընտրողների հաշվին, հնարավոր լինի իրատեսական դարձնել Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի ընտրությունը համայնքապետի պաշտոնում:

21. Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական պաշտոններում տեղավորելուց մշտապես դժգոհող Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո պետական բարձր պաշտոններ են ստացել նրա եղբոր տղան, աներձագը, մանկության ընկերը, կնոջ բարեկամն ու ընկերուհին, կնոջ ընկերուհու եղբայրը, իր խմբագրած օրաթերթի աշխատակիցներն ու նրանց մտերիմները, Փաշինյանի դասընկերը և շատ ուրիշներ:

22. Նիկոլ Փաշինյանը,  դարձյալ գաղտնի հրամանագրով, շուրջ 2 մլն դոլար է հատկացրել իր և Արարատ Միրզոյանի ծառայողական առանձնատների նորոգման ու կահավորման համար: Ֆեյսբուքյան live-ում Փաշինյանը, իր բնավորության համաձայն, դարձյալ մանիպուլացրել է թեման՝ նշելով, թե իր առանձնատան նորոգման համար ծախսվել է 2 մլն դոլարից 10 անգամ քիչ գումար, սակայն այդպես էլ չի ասել, թե որքան գումար է ծախսել և չի հրապարակել գաղտնի հրամանագիրը՝ մամուլի հրապարակումները հերքելու և հանրության շրջանում եղած կասկածները փարատելու համար:

23. 2019 թ. Նիկոլ Փաշինյանին, և ըստ լուրերի, նրա կնոջը սպասարկելու նպատակով կառավարությունը ձեռք է բերել երկու «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) զրահապատ 2  մեքենա, որոնցից յուրաքանչյուրի շուկայական արժեքը  կազմում է մոտ 550 հազար դոլար:

24. Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրները շարունակվում են մնալ չլուծված: Կառավարությունը, չնայած ներկայացված ավելի էժան հայտերին, պետբյուջեից 400 հազար դոլար է վատնել՝ Ամուլսարի միջազգային փորձաքննություն պատվիրելով լիբանանյան «Էլարդ» ընկերությանը, ապա անվստահություն հայտնել այդ փորձաքննության արդյունքին: «Էլարդ»-ին վճարված 400 հազար դոլարը չի վերադարձվել պետբյուջե: Չեն փարատվել նաև հանրային կասկածները «Էլարդ» ընկերության և փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ-Վարագ Սիսեռյանի ընտանիքի միջև եղած կապերի մասին։

25. Ամուլսարի պահպանները չենթարկվեցին հանք տանող ճանապարհները բացելու վարչապետի կոչին, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարում է, որ Հայաստանի իշխանության հանքի գործունությունը ապահովել չկարողանալու դեպքում դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան, ինչի պարագայում պետական բյուջեից ընկերությանը վճարվելիք փոխհատուցման գումարն ու տուգանքը կարող են հասնել հարյուրավոր միլիոնների:

26. «Սանիտեք» ընկերությունը հայտարարել է, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է միտումնավոր սնանկացում և օտարում (expropriation), ինչի կապակցությամբ նախաձեռնել է արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց, որի պարագայում Երևանի համայնքային բյուջեից մասնավոր ընկերությանը վճարվելիք փոխհատուցման գումարն ու տուգանքը կարող են հասնել տասնյակ միլիոնների:

27. Նիկոլ Փաշինյանի գիրքը տպագրած «Անտարես» հրատարակչությունն առանց մրցույթի պետբյուջեից շուրջ 100 հազար դոլար է ստացել Փաշինյանի հեղինակած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հանրայնացնելու և գովազդելու համար: «Անտարես»-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ասել է, թե «կառավարությունից հանձնարարություն է ստացել Հանրապետությունում գտնել արտաքին գովազդի վահանակներ, բանակցել նրանց տերերի հետ, որպեսզի դրանց վրա տեղադրվեն գովազդներ»: Փաստացի, խախտելով պետական գնումներ կատարելու օրենքով սահմանված ընթացակարգը, նման «հանձնարարություն» է տրվել հենց Նիկոլ Փաշինյանի մտերիմին:

28. «Մահվան վերելակներն» ու «հուսահատության «գազելները» վերացնել խոստացող Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո բազմապատկել է Երևանի քաղաքապետարանի՝ տոնակատարությունների համար նախատեսվող ծախսերը, մինչդեռ մայրաքաղաքի տրանսպորտային հարցն այդպես էլ մնում է չլուծված, իսկ Երևանում փաստացի դեռ ոչ մի վերելակ չի փոխվել, մինչդեռ վերելակային տնտեսության հնարավոր փոփոխությունը, ինչպես արդեն ներկայացվել է, կարող է իրականացվել միայն քաղաքացիների կողմից վճարվող վերելակային սպասարկման գումարի էական բարձրացման հաշվին:

29. Երևանի քաղաքապետարանն առանց մրցույթի՝ մեկ անձից գնման եղանակով, հարյուրավոր միլիոնների ծառայություն է պատվիրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ընկերոջը պատկանող  «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը:

30. Երևանի քաղաքապետարանը կրկնապատկվել է 2020 թ. ամանորի միջոցառումների բյուջեն. այս տարի հատկացվել է 550 մլն  դրամ, մինչդեռ 2018 թ. նույն նպատակի համար ծախսվել էր  222 մլն դրամ, 2017 թ. 192  մլն դրամ, 2016 թ. 157 մլն դրամ , 2015 թ  136 մլն. դրամ։ Ուշագրավ է, որ չնայած դուրս գրված գումարների աննախադեպ մեծ ծավալին, վարչական շրջանների տոնական զարդարանքները խղճուկ տեսք ունեն:

31. Աղբահանության խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է լրացուցիչ 1 մլրդ 700 հազար դրամ, որի մի մասն այդ նպատակին վերահասցեագրվել է մանկապարտեզների համար նախատեսված գումարների ց:

32. 2020 թ. Երևանի բյուջեից աղբահանության նպատակով փաստացի տրամադրվելու է 600 մլն դրամով ավելի գումար, քան նույն նպատակով ծախսվում էր նախկինում, իսկ Երևանի համայնքային բյուջեից շուրջ 900 մլն դրամ է հատկացվել աղբատար մեքենաներ ձեռքբերելու համար։ Այս ամենն այն դեպքում, երբ Հայկ Մարությանի հիմնած աղբահանության պետական հիմնարկը, ի տարբերություն «Սանիտեք»-ի, որպես համայնքային կազմակերպություն, ազատված է հարկերից:

33. Երևանի վարչական շրջանների աշխատակիցների ամանորյա խնջույքներն իրականացվելու են պետբյուջեի հաշվին: Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ամանորյա երեկույթի համար նախատեսվում է  բյուջեից ծախսել 3 մլն դրամ, Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների համար` 2 մլն դրամ, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակիցների համար` 1 մլն 300 հազար դրամ և այսպես շարունակ:

34. Տնտեսական հավասար մրցակցության մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանի  վարչապետության շրջանում Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություններ տրամադրելու դիմաց տնտեսավորողներից «նվեր է ստացել» աղբահանության և ձնմաքրման տեխնիկա: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը կոռուպցիոն լրջագույն ռիսկեր պարունակող գործարքի է գնացել տնտեսվարողների հետ։ Այս գործարքի ուսումնասիրությամբ զբաղվում է Գլխավոր դատախազությունը, իսկ ԱԺ-ում ձևավորվել է Քննիչ հանձնաժողով:

35. Ազգային ժողովը Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտայում կազմակերպած գորգ լվանալու «արարողության» համար պետբյուջեից ծախսել է 5 մլն դրամ: Գնումը կատարվել է մեկ աղբյուրից՝ ԱԺ պատգամավորներից մեկի ընկերուհուն պատկանող և գնումից ընդամենը մի քանի օր առաջ գրանցված ԱՁ-ի միջոցով։

36. Չնայած հռչակված «տնտեսական հեղափոխությանը», Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում ՀՀ արտաքին պետական պարտքն աճել է 125 մլն եվրոյով (KFW, EBRD) և 500 մլն դոլարով (եվրոբոնդ), հատելով մեր երկրի ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեմ էր քվեարկում արտաքին պարտքն ավելացնող վարկային բոլոր համաձայնագրերին, պնդելով, որ աղքատության 30%-ից ավելի ցուցանիշ ունեցող երկիրը չի կարող արտաքին պարտք վերցնել:

37. Աբու Դաբիից Հայաստան ժամանած խոշոր ներդրողների հետ հանդիպումը տապալած իշխանությունը սկսեց արդարանալ, թե պատվիրակության անդամները ներկայացել էին ջինսե տաբատներով և հանդիպմանը խոսել են հեռախոսով։ Մինչդեռ համացանցը ողողված է լուսանկարներով, թե ինչպես է Հայկ Մարությանը պետական տոնին մասնակցում ջինսե տաբատով ու սպորտային կոշիկներով։ Վարչապետ Փաշինյանը ոչ պաշտոնական հագուստով բազմիցս ընդունել է կառավարություն այցելած տարբեր հյուրերի:

38. Նիկոլ Փաշինյանի մտերիմ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր նշանակվելուն հաջորդած 6 ամիսների ընթացքում ՍԴ որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտականություն չի իրականացրել, փոխարենը, ոչինչ չանելու դիմաց յուրաքանչյուր ամիս ստանում է 793,680 դրամ աշխատավարձ, հավելավճար և բենզինի կտրոն:

39. Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու համար իշխանությունը սկսեց աննախադեպ ճնշում գործադրել ՍԴ մյուս դատավորների ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա: ԱԱԾ-ն մուտք գործեց Թովմասյանի հայրական տուն, հարցաքննության հրավիրվեցին Թովմասյանի երկու դուստրերն ու տարեց հայրը, ինչպես նաև ձերբակալվեցին Հրայր Թովմասյանի երկու սանիկները:

40. Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակում գործեցին ընդդիմադիր «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ հայտարարելով, որ Հրայր Թովմասյանի քույրը՝ լրատվամիջոցի ղեկավար Անժելա Թովմասյանը, իրավունք չունի ապրել ու գործունեություն ծավալել Հայաստանում:

41. ՍԴ դատավորներին ու նախագահին հրաժարական հարկադրել չկարողանալուց հետո իշխանությունն օրակարգ բերեց և ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, ըստ որի, եթե Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս 6 դատավորները մինչև 2020 թ. հունվարի 31-ը հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան ամսական իրենց հասանելիք աշխատավարձն ու հավելավճարները, ինչի արդյունքում յուրաքանչուր դատավորի տարեկան թոշակը կկազմի շուրջ 12 մլն դրամ:

42. ՀՀ Սահմանադրության փոփոխությունները սուպերվարչապետության մոդելի կերտման միջոց հռչակած Փաշինյանը, ով պնդում էր, որ Սահմանադրությունը կարվել է «Սերժ Սարգսյանի հագով», այսօր կրում է այդ «կոստյումը» և որևէ քայլ չի ձեռնարկել սահմանադրության փոփոխությունների և իր կողմից հռչակված «սուպերվարչապետության մոդել»-ը փոխելու ուղղությամբ։

43. Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ հայտարարելով, որ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում տեղադրված նստարանները ձեռք է բերում չափազանց թանկ՝ 160 հազար դրամով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի թիմակից Հայկ Մարությանի ղեկավարման օրոք քաղաքապետարանը նույն նստարանները նույն ընկերությունից ձեռք է բերում ավելի թանկ գնով՝ 164 հազարով։

44. Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա չկա. իշխանության բարձրագույն ատյաններում այն հաղթահարված է։ Նույն Փաշինյանի վարչապետության շրջանում կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ են առաջադրվել Փաշինյանի թիմակիցներ, ակտիվ «հեղափոխականներ» Դավիթ Սանասարյանին, ԳԿՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին և այլոց։

45. Նիկոլ Փաշինյանը, որն այսօր հպարտանում է Գյումրու փողոցների նորոգման և արտաքին լուսավորության լայնածավալ աշխատանքով, որի արդյունքում էապես բարեկարգվել է քաղաքի կենտրոնը, միտումնավոր չի հիշատակում, որ ծրագիրն  իրականացվում է ՎԶԵԲ-ի 2016թ. հաստատած 14.6 մլն եվրո վարկային և 7.3 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի միջոցներով։ Ինքը՝ Փաշինյանը, լինելով ԱԺ պատգամավոր, ժամանակին դեմ է քվեարկել այդ վարկային համաձայնագրին:

46. Նիկոլ Փաշինյանի թիմը մեծամասամբ համալրված է «զինվորական ծառայության համար անպիտան ճանաչված» կամ զինվորական ծառայությունից խուսափած մարդկանցով։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և մյուսների՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին մամուլում եղած փաստերը շարունակում են մնալ չհերքված կամ մինչև վերջ չպարզաբանված։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 65 տղամարդ պատմագավորից 29-ը ազատված է պարտադիր զինծառայությունից։  

47. Չնայած պաշտպանությանը հատկացվող բյուջետային միջոցների տարեկան 0.5  մլրդ դոլարով ավելացման մասին Նիկոլ Փաշինյանի խոստմանը, 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքով նման ավելացում նախատեսված չէ։

48. Չնայած զինվորների «մայկա-տռուսիկի» խնդիրը լուծված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին ու ուշացած ինքնահերքմանը, ինչպես նախկինում, այսօր ևս ծնողները մեծամասամբ իրենք են հոգում իրենց զինծառայող երեխաների «մայկա-տռուսիկի» խնդիրը։ Չի դադարել նաև ծնողների զորամասեր հանձնուքներ ուղարկելու պրակտիկան:

49. Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու հետևանքով Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, և Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Խաչատուրովի փոխարեն ՀՀ-ն ներկայացնող այլ թեկնածու առաջադրել, ինչպես խոստանում էր: Ի դեպ, Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելուց հետո նրա հետ քննչական գործողություններ չեն իրականացվել, իսկ գեներալ Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

50. 2019 թ. գարնանը Մեղրու զորամասում գրանցվել է աննախադեպ միջադեպ, երբ մեծ թվով զինվորներ ինքնակամ լքել էին զորամասի տարածքը՝ դրսևորելով «հեղափոխական» պահվածք։

51. Չնայած զինված ուժերում տեղ գտած լայնածավալ չարաշահումների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, մինչև օրս հանրությունը տեղեկացված չէ ո՛չ նման կոնկրետ փաստերի մասին ու ո՛չ էլ այդ ուղղությամբ ներկայացված կոնկրետ մեղադրանքների ու հարուցված քրեական գործերի մասին։

52. Կոռուպցիայի դեմ ընդհանրական պայքարի նշանաբանով հարուցված բազմաթիվ քրեական գործերով տարբեր կարգավիճակներով անցնում են ՀՀ զինված ուժերի միջին և բարձր հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ, ինչի արդյունքում և՛ հանրային և՛ ստորադաս հրամկազմի ընկալումներում խաթարվել է բարձրաստիճան սպայի հեղինակությունը, դրանից բխող հնարավոր հետևանքներով։ Բանակը լրջագույնս հեղինակազրկելու փորձ կատարվեց մարտի 1-ի դեպքերին Զինված ուժերի ներգրավվածության մասին իշխանության ներկայացուցիչների այդպես էլ չապացուցված հայտարարությունների արդյունքում, ինչպես նաև գեներալ Մանվել Գրիգորյանին վերագրվող «տուշոնկաների» հայտնի սկանդալից հետ, որն ի դեպ, այդպես էլ չի ներառվել նրան առաջադրված մեղադրանքում:   

53. Բնապահպանական խնդիրները և Երևանի մշակութային արժեք ներկայացնող շինությունների ապամոնտաժումը քաղաքական նպատակներով շահարկած Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շարունակվում են պատմական արժեք հանդիսացող շինությունների քանդման գործընթացը: Այդպիսի օրինակներից է Լուսավորության նախկին նախարարության շենքը, որի քանդման ժամանակ նախկին ակտիվիստները, որոնք այսօր իշխանության մաս են կազմում, պահպանեցին քար լռություն: Նույն երևույթն արձանագրվում է Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախմբին պատկանող և այլ շինությունների պարագայում։ 

54. 2019թ. մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացումը։ Նույն այգու, որի բարեկարգմանը դրանից մեկ տարի առաջ դեմ էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական բազմաթիվ թիմակիցներ, այդ թվում՝ Երևանի ավագանու այսօր արդեն իշխանական խմբակցության անդամներ, ովքեր բողոքի ակցիաներ էին իրականացնում այգու շինարար ժամանակ՝ պահանջելով դադարեցնել այգու «անապատացումը»։     

55. Շատ է խոսվում վարչապետի անկայուն հոգեվիճակի մասին. Նիկոլ Փաշինյանը անցած մեկ տարում խոսել է Թումանյանի անունից, իրեն համեմատել է Պապ թագավորի ու Հիսուս Քրիստոսի հետ, ապա հայտարարել է, որ Հռոմի պապն է, իսկ վերջերս պաշտոնապես «ներողություն» է խնդրել Նար-Դոսից՝ նրա ստեղծագործությունը Հովհհաննես Թումանյանին վերագրելու համար:

56. Հանրային հեռուստաընկերությունն ամբողջությամբ սպասարկում է օրվա իշխանության շահերը՝ մատուցելով կողմնակալ, ոչ օբյեկտիվ և իշխանահաճո լրատվություն՝ աչք փակելով հանրային բողոք կամ դժգոհություն պարունակող իրադարձությունների վրա։ Ավելին, Հ1-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների ծաղրանկարներ:

57. Օպերայի շենքի շրջակայքը բոլոր սրճարաններից ազատել խոստացող մայրաքաղաքային իշխանությունը սահմանափակվեց 2-3 սրճարանների ապամոնտաժմամբ, իսկ տարածքի կանաչապատման խոստացված մրցույթն այդպես էլ չհայտարարվեց:

58. Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը և իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները հետևողականորեն արժեզրկել ու հեղինակազրկել են Արցախյան հաղթական գոյամարտը, այն ստորադասել են քաղաքական անհամեմատ ցածր նշանակության այլ իրադարձությունների։

59. Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հետևողականորեն խորացրել են ՀՀ-ի և Արցախի հանրապետության միջև անվստահությունը՝ «դավադիր պատերազմի», «Արցախը հակահեղափոխականների որջի վերածելու», «Արցախի նախագահի ցանկալի թեկնածուի» և համանման այլ  հայտարարություններով։

60. Ի հեճուկս նախկինում արված հայտարարությունների, Փաշինյանը չի ձեռնարկել որևէ քայլ՝ բացահայտելու «ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից հրահրված» լինելու մասին իր իսկ պնդումը։ Այդ պնդումն նա անգամ չի էլ հերքել։ 

61. Ապրիլյան պատերազմի ընթացքում թույլ տված բացթողումների հետևանքով Զինված Ուժերի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանին Փաշինյանը նշանակել է իր խորհրդական։ Կարապետյանը, ըստ մամուլի, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված միակ բարձրաստիճան զինվորականն է:  

62. Չնայած ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հավաստիացումներին, թե 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված են եղել Զինված Ուժերի զինծառայողներ, որոնք հատուկ ցուցակներով նաև վճարվել են, նման պնդումն ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել։ Ավելին, Փաշինյանի կառավարության անդամ Դավիթ Տոնոյանը և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը այդ պնդումը հերքել են։

63. Չնայած Նիկոլ Փաշինյանի 2018թ. օգոստոսին արած հայտարարությանը, թե «մարտի 1-ի գործն ամբողջովին բացահայտված է », մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված անձանց սպանության հանգամանքները մինչ օրս շարունակվում են մնալ չբացահայտված:

64. Մարտիմեկյան գործով սպանության մեղադրանքով կալանավորված նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց, քանի որ նախաքննությունն իրականացնող մարմինը այդպես էլ չկարողացավ ապացուցել նրա մեղսակցությունը վերագրվող հանցանքին, իսկ անցկացված փորձաքննության արդյունքը ցույց է տվել, որ տվյալ անձին ամրակցված զենքից կրակոց չի արձակվել։

65. Նիկոլ Փաշինյանի թիմի մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների, այդ թվում հավաքների ազատության ընտրովի մեկնաբանությունն ապացուցվել է քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ժամանակ։ Պարզվում է, որ մարդկանց մի խմբի կարելի է, որպես բողոքի կամ  քաղաքացիական անհնազանդության ակցիա, փողոց փակել և այն լիովին օրինական է, իսկ մյուս խմբին՝ ոչ, քանի որ այն ապօրինի է։ Այս երկակի չափանիշների քաղաքականությունն իր դրսևորումներն է ստացել Իջևանում, Ամուլսարում, ԿԳՄՍ նախարարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ։

66. Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտել է բանկային գաղտնիքի մասին օրենսդրությունը, ինչը, բացի իրավախախտում լինելուց, էականորեն նվազեցրել է երկրի ներդրումային գրավչությունը օտարերկրյա ներդրողների շրջանում։

67. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորներ Դավիթ Գրիգորյանին ու Ալեքսանդր Ազարյանին դատախազությունը, ոստիկանությունը և քննչական մարմինները ենթարկել են աննախադեպ ճնշումների:

68. Գաղտնալսվել են ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և վարչապետի հեռախոսազրույցները, որոնցից ակնհայտ է դարձել, որ իշխանությունը դատարանների նկատմամբ կիրառել է ճնշումներ՝ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ  պահելու համար:

69. Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել շրջափակել դատարանների մուտքերը, ինչը ոչ միայն Սահմանադրության կոպտագույն խախտում է, այլև արձանագրվել և համարժեք արձագանք է ստացել նաև միջազգային կազմակերպությունների կողմից։

70. Չնայած Նիկոլ Փաշինյանի խոստումներին՝ «ժողովրդին թալանող» «կարմիր գծերն» ու արագաչափերը չեն վերացվել։ Ճիշտ հակառակը՝ տեղադրվել են մեծ թվով նոր արագաչափեր:

71. Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում պաշտոնապես հերքվել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ժամանակին լայնորեն շահարկված այն թեզը, թե «կարմիր գծերն» ու արագաչափերը պատկանել են ՀՀ երրորդ նախագահի եղբորը:

72. Նիկոլ Փաշինյանն այդպես էլ  չի ներկայացրել «Բաղրամյան 26 ճամպրուկներ տանելու» մասին իր հայտարարությունն ապացուցող որևէ փաստ: Փաշինյանի հայտարարությունից ամիսներ անց նման փաստի առնչությամբ որևէ քրեական գործ չի հարուցվել, իրավապահ մարմիններում նման քրեական գործ չի քննվում։

73. Նիկոլ Փաշինյանը դատարանում, ըստ էության,  չկարողացավ հիմնավորել իր հայտարարությունը, թե «կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու հետո ասել` ես անձեռնմխելի եմ»: Փաստեր չունենալու պատճառով՝ վարչապետի ներկայացուցիչն արդարացավ, թե Փաշինյանը Քոչարյանին նկատի չի ունեցել:

74. Իրավապաշտպան ներկայացող համայնքի լիակատար անտարբերության պայմաններում 2019թ. հունվարին՝ 44-օրյա հացադուլից հետո, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացավ Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, որին վերագրվող մեղքն անգամ ապացուցված չէր դատարանում:

75. Քրեական արդարադատության իրականացման ոլորտում աննախադեպ չափերի է հասել նախնական կալանքի կիրառումը, ինչի արդյունքում իրավակիրառ պրակտիկայում կալանքը դիտվում է որպես պատժի միջոց։ Ընդ որում, որպես օրինաչափություն, բացակայում են կալանքի կիրառման օրինական հիմքերը, ինչպես Արսեն Բաբայանի և մյուսների դեպքերում։ Իրավապահ մարմիններում լայնորեն կիրառվում է «ցուցմունք՝ ազատության դիմաց» բանաձևը։

76. Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները՝ կինն ու դուստրը, պետական ինքնաթիռում եղած լրագրողներից ծածուկ, պատվիրականության կազմում մեկնել են Բրյուսել: Ընդ որում, Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի՝ պետական միջոցների հաշվին ճամփորդելու փաստը լրագրողները բացահայտել են նրանց պատահաբար տեսնելուց հետո, ինչից հետո վարչապետի տիկինը հայտարարեց, թե կարոտում է ամուսնում, և քանի որ վարչապետի համար վարձակալվող սենյակում քնելու, իսկ ինքնաթիռում՝ ազատ տեղ կար, ինքն ու դուստրը մեկնել են ամուսնու հետ:

77. Ատելության քարոզի, քաղաքական պիտակավորման, շանտաժի, հասարակությանն ու քաղաքական ուժերին «սևերի» ու «սպիտակների» բաժանելու եղանակով Նիկոլ Փաշինյանը փոշիացրել է քաղաքական դասական մրցակցության հնարավորությունները։ Հաստատվել է մեկ անձի կամ մեկ ընտանիքի քաղաքական մոնոպոլիա, որտեղ Փաշինյանի և իշխող քաղաքական ուժի քննադատությամբ հանդես եկող անձինք ու շրջանակները որակվում են իբրև «սևեր», «հակահեղափոխականներ» կամ «ազգի թշնամիներ»։ Հրապարակված միջազգային ուսումնասիրության ցուցանիշներով Հայաստանը «զայրույթի  սանդղակով» աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։

78. Չնայած հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ փայլուն լինելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին, այն չի հիմնավորվում որևէ իրական փաստով կամ գործողությամբ (արցախյան կարգավորում, ներդրումներ, ռազմաքաղաքական համագործակցություն և այլն), մինչդեռ հակառակի մասին մտահոգության տեղիք տվող հանգամանքները բազմաթիվ են։

79. Նիկոլ Փաշինյանը պետական բարձր պաշտոններում նշանակել է մեծ թվով մարդկանց, որոնք ժամանակին աչքի են ընկել և հանրայնորեն էլ ընկալվում են որպես հակառուսական հայացք ունեցող և այդպիսի տրամադրություններ տարածող գործիչներ։

80. Պետական կառավարման համակարգում իրենց դիրքերը շարունակում են ամրապնդել անձինք, ովքեր իրենց գործունեության համար ստացել և/կամ շարունակում են ստանալ օտարերկրյա ֆինանսավորում: Նրանցից Դանիել Իոսաննիսյանը օրեր առաջ կառավարության որոշմամբ նշանակվեց Հանրային խորհրդի անդամ:

81. Փաշինյանի վարչապետության շրջանում օտարերկրյա ֆինանսավորում ստացող տարբեր կազմակերպություններ ու անհատներ շարունակում են թիրախավորել ու վարկաբեկել հասարակության ու պետության անվտանգության հիմքերը կազմող ինստիտուտներն ու պետական կառույցները։ Վերջին շրջանում նույն շրջանակների կողմից հատկապես մեծացել է ԱԱԾ նկատմամբ իրականացվող հարձակումները:

82. Չնայած Հայաստանը «ժողովրդավարության համաշխարհային բաստիոն» հռչակելու և Հայաստանի միջազգային հեղինակության աննախադեպ բարձրացման մասին արված հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում որևէ կերպ չի արագացել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, որևէ առաջընթաց չկա մուտքի արտոնագրերի տրամադրման ազատականացման վերաբերյալ հետագա բանակցությունների ուղղությամբ, բացակայում է ԵՄ-ի համարժեք վերաբերմունքը ՀՀ-ին հատկացվող ֆինանսական և աջակցության այլ ոլորտներում, տեսանելիորեն կյանքի չեն կոչվում համաձայնագրի այն դրույթները, որոնք ԵՄ անդամ պետությունների ամբողջական վավերացման գործընթաց չեն ենթադրում։

83. Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ-ում չեն եղել պաշտոնական որևէ այցով, իսկ տարբեր ձևաչափերով ԱՄՆ այցելած ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները համարժեք ընդունելության չեն արժանացել։ Բացակայում է համագործակցության փոխադարձ ընկալելի օրակարգը:

84. Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում իրականացվել են նպատակային հարձակումներ հայ ժողովրդի էթնիկ ինքնության առանցքը կազմող այնպիսի կարևոր ինստիտուտների ուղղությամբ, ինչպիսիք են լեզուն, գրականությունը, պատմությունը, եկեղեցին, ընտանիքը և բանակը։   

85. Իշխանությունը նախատեսում է օրենսդրորեն ամրագրել բուհերի պարտադիր դասացանկից Հայոց լեզու և Հայ ժողովրդի պատմություն առարկաները վերացնելու գաղափարը, ինչը լուրջ դիմադրության է արժանացել թե՛ ուսանողության, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում:

86. Իշխանությունը հիմքեր է ստեղծում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման  համար, ինչից հրաժարվել են ԵԽ անդամ մի շարք երկրներ՝ հիմնավորելով, որ կոնվենցիայի վերջնանպատակը միասեռական ամուսնությունների և միասեռական զույգերի երեխաներ որդեգրելու գործընթացի օրինականացումն է:

87. Նիկոլ Փաշինյանի անձնական գործուն և հետևողական աջակցությամբ ակտիվացել է միասեռականության քարոզը, ինչի վառ ապացույցը վարչապետի բազմակի ու ծավալուն անդրադարձներն են այդ թեմային։ Առաջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել տրանսգենդեր ներկայացած անձը։  Առաջին անգամ մի խումբ տրանսվեստիտներ ներխուժել են ոստիկանության բաժանմունք ու ծեծի ենթարկել ոստիկաններին՝ այսօր էլ շարունակելով մնալ ազատության մեջ։

88. ԿԳՄՍ նախարարությունը 20 մլն դրամ է հատկացրել սեռը փոխած և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված նախկին մարզիկ Մել(ինե) Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանելու համար: Ժամանակին արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել է ոչ միայն Մելինե Դալուզանը, այլև տուժել է ծանրամարտի ամբողջ հավաքականը:

89. ԿԳՄՍ-ն 2.7 մլն դրամ դրամաշնորհ է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում բեմականացված «Հուզանք ու զանգ» ֆուտուրիստական ձևակերպված և հանրության համար անհասկանալի ներկայացման համար, որտեղ կանանցից մեկը՝ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցը,  շան կերպարում՝ թոկը վզին փաթաթած, ծնկել էր գետնին, իսկ ներկայացման մյուս մասնակիցները անհասկանալի ձայներ էին արձակում:

90. Կտրուկ ավելավելացել են կառավարության նիստերում չզեկուցվող հարցերի քանակը, ինչը վկայում է թափանցիկության բացակայության մասին: Օրինակ՝ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի օրակարգում եղել է 71 հարց, որից միայն 8-ն է եղել զեկուցվող, մնացած 63-ը եղել են չզեկուցվող:

91. Բուհերի ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարած Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում բուհերի կառավարման խորհուրդները հետևողականորեն համալրվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով և համակիրներով, որոնցից որոշները երբևէ որևէ առնչություն չեն ունեցել բարձրագույն կրթության հետ։

92. Վարչապետ Փաշինյանը արցախյան կարգավորման վերաբերյալ պարբերաբար կատարել է չմտածված հայտարարություններ՝ «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից», «Մինսկի խմբի համանախագահությունը մանդատ ունի որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը» և այլն, որոնք բանակցային գործընթացում հայկական դիրքերը դարձրել են խոցելի։

93. Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ներկայացրել է «լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար» թեզը։ Հակամարտության կարգավորման գործում բացառապես Հայաստանի ու Արցախի շահերը սպասարկելու հանձնառություն ունեցող ՀՀ վարչապետի կողմից նման թեզի հնչեցումը այդպես էլ չի երկրորդվել Ադրբեջանի կողմից հակամարտության հնարավոր կարգավորումը նաև ՀՀ-ի և Արցախի ժողովուրդների համար ընդունելի լինելու վերաբերյալ հակադարձումով։ Փոխարենը, որպես արդյունք, Ադրբեջանը, ԵԱՀԿ տարեկան նախարարական գագաթնաժողովին ընդառաջ պաշտոնական հայտարարության տեսքով հրապարակել է քաղաքական վերջնագիր հիշեցնող «կարմիր գծերը»՝ միջնորդ երկրների կողմից այդպես էլ չարժանանալով որևէ կոշտ գնահատականի։

94. Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում բանակցային օրակարգում է հայտնվել Արցախի հայկական և ադրբեջանական համայնքները հավասար հարթությունում դիտարկելու վտանգավոր թեզը, ինչն աննախադեպ է բանակցային գործընթացի ողջ պատմության մեջ։ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի կողմից պաշտոնական հայտարարությամբ աջակցություն է հայտնվել Արցախի ադրբեջանական համայնքի՝ կարգավորման գործընթացում ներգրավվելու անհրաժեշտությանը։

95. Չնայած Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վիճակագրական տվյալներին, միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակը չի բարձրացել, մարդիկ չեն սկսել ավելի լավ ապրել, աղքատության ցուցանիշը չի նվազել, գործազրկության իրական ցուցանիշը՝ նույնպես։ Փաստացի, կասկածի տակ դնելով կամ հերքելով իր իսկ կողմից պարբերաբար ներկայացվող վիճակագրական դրական տվյալները, Նիկոլ Փաշինյանը ստիպված էր անձամբ հայտարարել, որ կառավարությունը ունակ չէ արժանահավատ ու ճշգրիտ տվյալներ ներկայացնել տնտեսության վերաբերյալ։

96. Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հպարտանում է, որ վերջին 2 տարում օրինական դաշտ է բերվել կամ գրանցվել է շուրջ 80 հազար աշխատատեղ, մինչդեռ այդ ցուցանիշն արտացոլված չէ «Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի» կայքում: Փաշինյանի հայտարարության ճշմարտացիության դեպքում հիմնադրամին պետք է փոխանցված լիներ  լրացուցիչ շուրջ 1 մլրդ դրամ:

97. 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 մլրդ 389 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ, որը հիմնադրվել է պայմանագրի կնքումից ընդամենը 2.5 ամիս առաջ, և որի իրական սեփականատերը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռոման Մուրադյանն է։

98. Նիկոլ Փաշինյանի նախկինում «օլիգարխներ» որակված որոշ տնտեսվարողներ վարչապետը վերաորակավորել է որպես «խոշոր սեփականատերեր», որոնց հետ Փաշինյանը այլևս չի խորշում հանդիպել, նրանց հետ մասնակցել բացման արարողությունների ու հարսանեկան հանդիսությունների, վարչապետի տիկինը այլևս չի խորշում նրանցից «նվիրատվություններ» ստանալ իր ղեկավարած հիմնադրամների համար և գովազդել նրանց արտադրանքը։ Նույն կերպ, Փաշինյանի թիմակից Հայկ Մարությանը այլևս չի խորշում «նվիրատվություններ» ստանալ «խոշոր սեփականատերերից»։

99. Նիկոլ Փաշինյանը  պետբյուջեից 720  միլիոն դրամ է տրամադրել  2008 թվականի մարտի 1-ի զոհերի ընտանիքներին և տուժած անձանց, մինչդեռ հրաժարվել է աջակցել արցախյան գոյամարտում զոհված հերոսների ընտանիքներին, որոնց մայրերն ու այրիներն  օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ:

100. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների՝ 67,5 մլն դրամ կազմող առողջապահական ապահովագրությունը, առանց մրցույթի, հանձնվել  է Նիկոլ Փաշինյանի մերձավոր գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ-Ինշուրանս» ընկերությանը: Կառավարության որոշմամբ, նույն սկզբունքով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն իր հերթին մոտ 3 մլն դրամի պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ:

101. Քաղաքացիների առջև փակվել են այդքան հանդիսավորությամբ բացված Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նստավայրերի դռները: Մասնավորապես, Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա անող բնապահպանների առջև փակել են խորհրդարանի շենքի դարպասները, արգելվել է հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, ինչպես նաև ցուցարարներին ուժով հեռացրել են ԱԺ շենքի մոտակայքից: Իսկ «Բաղրամյան 26»-ի դարպասները, չնայած խոստումներին, աշխատանքային օրերին դարձյալ փակ են ՀՀ քաղաքացիների համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}