Վահագն Հայրապետյան. «Խաչատրյանը և ջազը» ծրագիրը պետք է ներկայացվի Հայաստանից դուրս»
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագիրը։ Արամ Խաչատրյանի Վարդագույն աղջիկների պարը «Գայանե» բալետից‚ Սովետական Հայաստանի հիմնը‚ Անդատինոն‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ հնչեցին ջազային մշակմամբ։
Նվագախմբից հայտնում են՝ որպես մենակատարներ հանդես են եկել Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Խաչատրյանը և ջազը» ծրագիրը մեծ սիրով է ընդունվում երաժշտասերների կողմից։ Արդեն մի քանի տարի այն ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճներում։ Այս տարի նույնպես համերգի տոմսերն ամբողջովին սպառվել էին։
Վահագն Հայրապետյանը «Խաչատրյանը և ջազը» ծրագրի հաջողությունը բացատրում է ինքնատիպությամբ։ «Ծրագիրը միշտ փորձում ենք թարմացնել‚ նոր մշակումներ են ավելանում։ «Խաչատրյանը և ջազը» այն ծրագիրն է‚ որը պետք է հանվի Հայաստանի սահմաններից դուրս։
Արտասահմանի ունկնդիրն այս կերպ նույնպես պետք է հնարավորություն ունենա լսելու Խաչատրյանին։ Սա բարձր նշաձող ունեցող ծրագիր է»‚- ասել է Վահագն Հայրապետյանը։
Արմեն Հյուսնունցը կարծում է‚ որ «Խաչատրյանը և ջազը» ծրագրի հիմքում Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունն է և մի փոքր ինտրիգ՝ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մեկնաբանությունները‚ ինչն ունկնդրին շատ հետաքրքրում է և խրախուսում գալ համերգասրահ ու լսել‚ թե ինչպես է ստացվել այդ ուշագրավ նախաձեռնությունը։ Այն‚ որ տոմսերը լավ սպառվում են‚ ըստ պարոն Հյուսնունցի‚ վկայությունն է այն բանի‚ որ այն հաջողվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա