Որ չասեն՝ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան. Զոհրաբյան
«Կրթությունն է ամեն ինչի սկիզբը»,- այս մասին այսօր «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի խոսքով, եթե Հայաստանը չունենա բարձր որակի կրթություն, ապա ցանկացած ոլորտ լինելու է խեղված, լինելու է կաղ։ Պատգամավորը նշում է, որ հանրակրթական դպրոցներում ձեռքբերումներ կան, դրանցից մեկն ապաքաղաքականացումն է.
«Բայց ես համոզված եմ, որ եթե իշխանությունն այսօր ասի դպրոցների ուսուցիչներին անել նույն բանը, ինչ նրանք անում էին տարիներ շարունակ, գերակշիռ մեծամասնությունը անելու է։ Էնպես որ էս առումով ամբողջապես չենք հաջողել»։
Պատգամավորի խոսքով, բուհերում կոռուպցիան դեռևս առաջնագծում կատաղորեն դիմադրում է. «Էս առումով էստեղ լուրջ փոփոխություններ են պետք»։
Կրթական համակարգում կոռուպցիան վերացնելու համար Զոհրաբյանն առաջարկում է ոչ ջարդել-փշրել համակարգը, ոչ էլ որպես մշակութային արժեք պահպանել ինչ որ կա։
«Վերջին շրջանում արհեստական օրակարգ է ստեղծվում՝ կրթության ոլորտում ազգայինը ժամանակակցին հակադրելով։ Իսկ ով է ասել, որ ազգայինը չի կարող լինել ժամանակակից։ Ազգայինը կարող է լինել ժամանակակից։ Ուստի պետք է անընդհատ ավանդականը փորձել հակադրել ժամանակակցին, և ինչ-որ իդիոտ տեքստեր արտաբերել տարբեր ամբիոններից, փորել մոդերնիստական անհեթեթագույն գաղափարներ շահարկել՝ ասելով, որ ահա, մենք պետք է ամեն ինչ քանդենք։ Քանդելու շատ բան կա, բայց քանդեք այնտեղ, որտեղ պետք է իրապես քանդել»,- նշեց Զոհրաբյանը։
Անդրադառնալով ավագ դպրոցներին՝ Զոհրաբյանը նշեց, որ դրանք դե յուրե կան, բայց իրականում այն ֆունկցիան, որ պետք է կատարեն, չկան։ Պատգամավորը նշեց, ոչ չգիտի՝ ինչով են զբաղված այդ դպրոցները, բայց դրանց աշակերտների զբաղմունքի մասին տեղյակ է.
«Էդ աշակերտները մտածում են՝ ոնց փախնել ավագ դպրոցներից, որ կրկնուսույցներ վարձեն՝ բուհերի ընդունելության քննություններին պատրաստվելու համար, որովհետև հանրակրթական դպրոցներում ուսուցման մակարդակը աղետալի վատ է»։
Զոհրաբյանը ներկայացրեց 2019 թվականին հայոց լեզու առարկայի կենտրոնացված քննությունների արդյունքները. 31, 021 դիմորդից 1686-ը ստացել է անբավարար, իսկ 19-20 միավոր ստացել է 152 աշակերտ։
«Սա է հանրակրթական դպրոցներում հայոց լեզու առարկաների դասավանդման որակը։ Շատ ավելի ցածր, քան մնացած բոլոր առարկաները։ Ես կողմ եմ, որ բուհերում ուսուցման մեթոդոլոգիան փոխվի, որ էդ հին, կարծրացած կիսակղերական մեթոդոլոգիան պիտի փոխվի»,- նշեց Զոհրաբյանը։
Պատգամավորը նշում է, որ պետք է հանրակրթական դպրոցներից սկսվի հայոց լեզվի մակարդակի բարձրացումը. «Որ չասեն՝ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան։ Եկեք հանրակրթական դպրոցներում անենք էդ հեղափոխությունը, որ հայոց լեզվի ուսուցիչը չասի՝ բանը կայանում է նրանում։ Ես վախենում եմ էդ ուսուցչի դասավանդած աշակերտների համար»։