Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի անմխիթար վիճակը չի հուզում քաղաքապետարանին
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցասրահում, որը բացվել է 2013 թվականին Երևանում՝ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տարածքում, այսօր անմխիթար վիճակում է, վտանգված են ցուցանմուշները: Panorama.am-ի հետ զրույցում ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանն ասաց, որ 2014 թվականից ցուցասրահը վատ վիճակում է, սակայն տարիների ընթացքում էլ ավելի է վատթարացել:
«Երբ այնտեղ բացվեց ցուցասրահը, այն վերանորոգված չէր, կոսմետիկ աշխատանքներ էին տարվել: Տարբեր տարիներին դիմել ենք մեր ղեկավարությանը, քաղաքապետարան, ասում են՝ ֆինանսներ չունենք վերանորոգման համար»,-նշեց նա:
Ի. Իսաբեկյանի խոսքով, ցանկացել է հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն նրան ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը. «Բացատրեց, որ բոլոր թանգարաններն էլ նույն վիճակում են: Բայց, չեմ կարծում, որ նման վիճակ կլինի, ահավոր վիճակ է մեզ մոտ: Էդուարդ Իսաբեկյանը հայրենասեր, արվեստին նվիրված մարդ էր, 20 տարի Ազգային պատկերասրահի տնօրենն է եղել, շատ բան է արել մշակութային օջախի համար, շատ աշխատանքներ է բերել: Չէի կարծում, որ նման վերաբերմունք կլիներ: Չգիտեմ՝ ինչով բացատրեմ»:
Ցուցասրահի վարիչն ասաց, որ դիմել է նաև նախկինում՝ մշակույթի նախարարությանը, հիմա՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ասել են, որ անզոր են, այն քաղաքապետարանի ենթակայության տակ է:
«Բայց արվեստն այնպիսի բան է, որ պետք է բոլոր օղակներով անդրադառնալ խնդիրներին: Մեզ կոնկրետ պետական այդ կառույցներից որևէ մեկը չի զանգել ու ասել, որ հանգիստ եղեք, այս տարի կվերանորոգվի: Կոնկրետ պատասխան չկա: Ասում են՝ ամբողջ «Հայ Արտ»-ի շենքը պետք է վերանորոգեն: Բայց ի՞նչ կապ ունի ցուցասրահի հետ, ամենավատ վիճակում մեր սրահն է: Իսկ այդ շենքն ամբողջությամբ, որը Ջիմ Թորոսյանն է նախագծել, շատ գեղեցիկ է, արվեստի համար շատ լավ կաշխատի», -նշեց Ի. Իսաբեկյանը:
Նա ասաց, որ կոնկրետ վերանորոգման կարիք ունի տանիքը, երբ եղանակն անձրևային է լինում, ամբողջությամբ կաթում է: Այժմ աշխատանքները շատ խիտ դասավորվածություն ունեն, կաթացող տեղերից տեղափոխել են առավել անվտանգ հատված:
«Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, քաղաքին նվիրել է 28 կտավ: Մեկ աշխատանք էլ մենք ենք ցուցադրության համար ներկայացրել, Ազգային պատկերասրահը Իսաբեկյանից 4 նկար էր տվել ցուցասրահին, սակայն այս վիճակի պատճառով իրենց նկարները վերադարձվեցին: Հիմա ցուցասրահում 29 նկար է ներկայացված: Նկարները քաղաքինն են, տերը քաղաքապետարանն է, իրենք չէ՞ պետք է հետևեն այդ ամեն ինչին: Անելանելի վիճակ է, ուղղակի արհամարհանք»,- ասաց Ի. Իսաբեկյանը:
change.org կայքում՝ «Պահպանել Էդուարդ Իսաբեկյանի ժառանգությունը» պահանջով, խնդրագիր կա տեղադրված. «Շենքի անմխիթար վիճակի մասին բազմիցս դիմումներ են ներկայացվել թե՛ անմիջական ղեկավարությանը, և թե՛ քաղաքապետարան: Մինչ այսօր որևէ դրական արձագանք դրանք չեն գտել: Անձրևաջրերը շարունակում են ներթափանցել ցուցասրահ, պատերից և առաստաղից ծեփը թափվում է, վտանգված են Էդուարդ Իսաբեկյանի կտավները: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չմնալ այս խնդրի հանդեպ և պահանջում ենք պատկան մարմիններից հիմնովին զբաղվել Ջիմ Թորոսյանի նախագծած շենքի վերանորոգմամբ՝ փրկելով Էդուարդ Իսաբեկյանի ժառանգությունը»:
Ի. Իսաբեկյանի խոսքով, Արամ Իսաբեկյանն իր միջոցներով մի քանի անգամ վերանորոգել է այն աշխատանքները, որոնք դրանց կարիքն ունեցել են: Ցուցասրահն ակտիվ մասնակցում է Երևանի մշակութային կյանքին, Իրինա Իսաբեկյանի նախաձեռնությամբ ցուցասրահում կազմակերպվում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, հանդիպումներ, որոնք միտված են նպաստելու հայրենասեր նկարչի արվեստի հանրահռչակմանը, բացահայտմանը: Տարեցտարի ցուցասրահի այցելուների թիվն ավելանում է, ընդգրկված է երևանյան լավագույն մշակութային օջախների տասնյակում:
«Այնպես չէ, որ բացիթողի վիճակ է: Ինչ արվել է, մեր միջոցներով է արվել»,- ասաց Իրինա Իսաբեկյանը:
Լուսանկարները՝ Արամ Իսաբեկյանի և «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի ֆեյսբուքյան էջերից:
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է
- «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» ցուցահանդեսը՝ վարպետի ծննդյան օրը
- «Դարձյալ Իսաբեկյան». Ցուցասրահում ներկայացվելու են նոր աշխատանքներ
- «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները»՝ կրկին նույն վայրում (լուսանկարներ)
- Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործական ժառանգությունը կներկայացվի հոբելյանական ցուցահանդեսում
- Թողարկվել են նոր հուշադրամներ` նվիրված Էդուարդ Իսաբեկյանի 100 և Ոսկան Երևանցու 400-ամյակներին
- «Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան