35 մլրդ դրամ՝ ՔԿՀ-ները կահավորելու համար
«Նուբարաշեն և դատապարտյալների հիվանդանոց ՔՀԿ-ները պետք է լուծարվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։
Գոյունյանի խոսքով, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում մոտ 10 հեկտար տարածքում կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր հիմնարկ, որն ունենալու է նաև առանձին ստացիոնար հիվանդանոց։
«Նախնական աշխատանքները, որոնք կարժենան մոտավոր 417 մլն դրամ, կիրականցվեն հաջորդ տարի։ Կա պայմանավորվածություն և կառավարությունը գումարը կհատկացնի։ Նախատեսում ենք նաև «Կենտրոն» ՔԿՀ-ն տեղափոխել նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածք, որպեսզի ԱԱԾ վարչական շենքի հետ կապված բոլոր շահարկումները այսուհետ չեղարկվեն։ Այդ նպատակով տրամադրվելու է 3.8 մլրդի չափով։ «Հրազդան» ՔԿՀ-ն նույնպես նախատեսվում է լուծարել և փոխարենը մոտ 7 հեկտարի վրա տեղակայված ներկայիս «Աևան» ՔԿՀ-ի հարևանությամբ կառուցել նոր հիմնարկ։ «Գորիս» ՔԿՀ-ն նույնպես նախատեսված է լուծարել, արդեն իսկ ավարտվել են նախագծման աշխատանքները, և Խնձորեսկում նախատեսված է կառուցել նոր ՔԿՀ»,- նշեց Արթուր Գոյունյանը։
ՀՀ Քրեակատարողական ծառայության պետի խոսքով, նախատեսվում է նաև, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կառուցվի ժամանակակից օդափոխության և ջեռուցման համակարգ, ինչի համար արդեն իսկ մոտ 10 մլրդ դրամ ծախսվել էր։
«Արմավիր» ՔՀԿ-ի երկարատև տեակցության 10 սենյակներից 2-ը նորմալ կահավորված են եղել և հարմարեցվել են «զոն նայողների» պահանջներին։ Գոյունյանի խոսքով, հավասար պայմաններ ստեղծելու համար, իրենք դիմել են կառավարությանը, որպեսզի մյուս սենյակներում ևս նմանատիպ պայմաններ ստեղծվեն։
«Մինչև նոր տարի նախատեսում ենք այդ սենյակները կահավորել և անհրաժեշտ պայմաններով ապահովել»
Նշված աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Աշխատանքների կատարման համար ծախսվելու է 35 մլրդ դրամ։