Վահան Բաբայան. Վարչապետի ասած «աննախադեպը» կլիներ այն դեպքում, եթե կատարեր խոստումը
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծառայողական մեքենաների կրճատման մասին ռեֆորմի խոստումը համարում եմ չիրականացած և կեղծ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Նա իր ասածը հիմնավորելու համար ներկայացրեց մի քանի թվեր:
«Երեկ վարչապետը հրապարակել է թվեր, որ Հայաստանում աննախադեպ, ռեկորդային ցուցանիշներով կրճատվել են ծառայողական մեքենաները: Իմ ձեռքի տակ ունեցած փաստաթղթերի համաձայն՝ Ազգային ժողովի համար 48 մեքենա է գրանցված: Եթե հաշվում ենք ԱԺ նախագահ, տեղակալներ, խմբակցությունների ղեկավարներ և 10 հանձնաժողովի նախագահներ, հարց է առաջանում՝ 30 ավելի ավտոմեքենա մեր հարկատուների հաշվին ո՞ւմ են սպասարկում Ազգային ժողովում»,- ասաց Վ. Բաբայանը:
Նրա խոսքով, ՊԵԿ-ն ունի 160 ծառայողական ավտոմեքենա, կառավարությունը՝ 55, նախագահի աշխատակազմը՝ 20:
«Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանում պետք է լինի մաքսիմում 30-35 ծառայողական մեքենա, հիմա ի՞նչ եղավ: Նորից նույն բան է»,- ասաց Վ. Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ վարչապետը երեկ հայտարարել է, որ կրճատվել է 440 ծառայողական մեքենա, սակայն չի նշել, թե ինչ են եղել այդ մեքենաները՝ վաճառվել են, թե ոչ, եթե այո, ուր է այդ գումարը, եթե ոչ ու պարկում են, ինչ ընթացակարգ է գործում:
«Մենք պետք է իմանանք այդ 440 մեքենայի մասին տեղեկատվություն՝ ի՞նչ մակնիշի մեքենաներ են, ո՞ւմ մեքենաներն էին, ո՞ւր եմ հիմա»,- ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահը:
Նա ընդգծեց, որ վարչապետի ասած «աննախադեպը» կլիներ այն դեպքում, եթե կատարեր խոստումն ու Հայաստանն, իրոք, ունեար 30-40 պետական ծառայողական մեքենա:
Վահան Բաբայանը խոսեց նաև նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձի մասին՝ նշելով, որ դրանք բարձրացվել են, ինչպես ասվել է կառավարությունից, պարգևավճարների հաշվին, քանի որ համապատասխան օրենքում փոփոխություններ չեն կատարվել:
«Ո՞ր օրենքի շրջանակում է վարչապետն իրավազոր պետական բարձրաստիճան պաշտոնյաների 12 ամիս կրկնակի, եռակի պարգևավճար տալ, որպեսզի իրենց աշխատավարձը դառնա 1-1,5 միլիոն դրամ: Կա՞ նման օրենք, որ տարին 12 կամ 20 անգամ պետբյուջեի հաշվին պարգևավճարներ տալ նույն մարդուն: Եթե կա նման օրենք, թող հրապարակեն»,- նշեց Վ. Բաբայանը:
Նրա խոսքով, հայտնի չէ նաև՝ արդյո՞ք վարչապետը բարձրացրել է իր աշխատավարձը, թե ոչ, ինքն իրեն պարգևավճար տալի՞ս է, թե՞ ոչ:
Խոսելով՝ կառավարական նոր օդանավ ձեռք բերելու մասին, Վ. Բաբայանը հարցադրումներ հնչեցրեց՝ արդյո՞ք կա այդ ինքնաթիռը, պայմանագիրը կնքվե՞լ է, գնվե՞լ է ու ո՞ր ընկերությունից, ի՞նչ արժեքով, ո՞ւր է պայմանագիրը:
«Մամուլում տեղ գտած նոր ինքնաթիռի գնման հետ կապված լուրի վերաբերյալ վարչապետի կողմից չկա որևէ հստակ պարզաբանում»,- նշեց նա:
Վահան Բաբայանն ասաց, որ 2020 թվականը լինելու է բավակաին ծանր տարի արտաքին քաղաքական գործընթացներից մինչև ներքին քաղաքական գործընթացներ, մասնավորապես ՝ հունվարից թանկանալու են ապրանքները, իսկ ապրիլից հավանաբար կբարձրանա նաև գազի գինը:
«Այս խնդիրները մի կողմ դրած, նույնիսկ այն խնդիրը, որ կիրթ Ալիևը երեք օր առաջ կրկում էր Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ու ցույց է տալիս, թե Ղարաբաղի հարցի լուծման որ տարբերակն է իր համար ընդունելի, վարչապետը խոսում է իր աղջկա մեքենայի գնման, աղջկա մեքենայի դուռը բացել-փակելու մասին: Այն, ինչ հրամցնում են որպես դեմոկրատիա, ազատ խոսք և ժողովրդն մոտ լինելու հանգամանք, այսօրվա դրությամբ անլրջություն է»,- նշեց նա:
Վահան Բաբայանի խոսքով, զավեշտի ու ֆանտաստիկայի ժանրից է հայտարարել, որ կոռուպցիան վերացած է:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը նա որակեց էժանագին շոու:Նա այն կարծիքն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս ամբողջ ընթացքում կարող էր լինել ազատության մեջ, իսկ «Մարտի 1»-ի գործի քննությունը շարունակվեր:
«Այդ էժանագին շոուները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը հոգնի այս հնդկական սերիալից ու կարծիք հայտնի, որ ժամանակն է պատասախան տալ ձեր տված խոստումների, ստերի, կեղծիքների, մանիպուլյացիաների, ատելության քարոզի համար, նախ նախկին նախագահների հետապնդումների, քաղաքական հետապնդումների, մարդկանց վրա հոգեբանական ճնշումների և այն ամենի համար, ինչ իրենք այսօր անում են»,- ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահը:
Վահան Բաբայանի խոսքով, «թավշյա իշխանազավթումը» մեծ խաբկանք էր, իլյուզիա, որպեսզի ինչ-ինչ խնդիրներ լուծվեն. «Մենք պետք է կարողանանք ազատագրել Հայաստանն այս թավշյա վիրուսից, ձևավորել նոր Ազգային ժողով, որտեղ ժողովուրդն, առանց էյֆորիայի, կգնա ու կքվեարկի այն մարդկանց օգտին, որոնք կուզեն ղեկավարել այս երկիրը»:
Նա կարծում է, 2020 թվականը կլինի արտահերթ ընտրությունների տարի:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանը հրապարակել է 101 իրական փաստ «Նոր Հայաստանի» մասին, որոնք երբեք չեք լսի Նիկոլ Փաշինյանից
- Փաշինյան. Մեքենաները ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների անտանգությունը ապահովելու համար
- Կառավարական նոր օդանավ ՝ թանկ հաճույք, թե թանկ ինքնաթիռ
- «Փաստ». Ծառայողական ավտոմեքենաների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլ պարբերաբար ավելանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան