Վաղարշապատի հ.8 դպրոցի ուսուցիչներն ու ծնողները չեն ուզում «վատ համբավ» ձեռք բերած տնօրեն ունենալ
Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողներն այսօր հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ նախապես իրենց կողմից ուղարկված գրավոր դիմումների պատասխանը բանավոր, ավելի շուտ ստանալու համար:
Դպրոցի ուսուցիչները, ծնողները համաձայն չեն, որ իրենց դպրոցի տնօրեն է նշանակվել Շուշանիկ Ոսկանյանը: Նրանց փոխանցմամբ, տնօրենի ընտրության մրցույթին երկու թեկնածուներից Շուշանիկ Ոսկանյանից և պաշտոնակատար Եսթեր Գալստյանից որևէ մեկը չի հավաքել անհրաժեշտ 5 ձայնը: Եսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն տնօրեն է նշանակվել Ոսկանյանը: Ծնողների խոսքով, փոխվարչապետն առաջարկել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին այդ պաշտոնում նշանակել Շուշանիկ Ոսկանյանին, մարզպետը որոշումը կայացրել է:
Դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նարինե Գրիգորյանն ասաց, որ իրենք երեկ հանդիպել են մարզպետի հետ, արդյունքը գոհացուցիչ չէ, նա չի կարողացել պատասխանել իրենց հիմնական հարցին, թե ինչո՞ւ են տնօրեն նշանակել հենց Շուշանիկ Ոսկանյանին: Նրա խոսքով, նշանակված տնօրենին համայնքը, դպրոցը դեմ է, քանի որ ունի վատ համբավ. «Թեև ունի մանկավարժական երկար տարիների ստաժ, սակայն աշխատելու փորձ չունի, 9 տարի ղեկավարել է դպրոց, որևէ լավ կատարած աշխատանքի արդյունք չի երևում: Անցած տարի հանցավոր դեպք էր արձանագրվել այդ դպրոցում, հեռացվել էր այդ դպրոցից: Ինքը չի կարող նորմալ դպրոց պահի, ինքը գալու է քանդի դպրոցը, մենք դրան դեմ ենք՝ և ուսուցչական կոլեկտիվը, և ամբողջ համայնքը»:
Ծնողներից Արտակ Թովմասյանն ասաց, որ երբ իմացել են, որ ընտրվել է «համացանցում վատ համբավ ձեռք բերած թեկնածու», կողքից ավելացրեցին՝ նաև կյանքում, պահանջեցին Արմավիրի մարզպետը գա համայնք ու պարզաբանի, թե ինչու 3 ձայն հավաքած թեկնածուն ավելի նախընտրելի է, քան 4 ձայն հավաքած թեկնածուն:
«Անձը սկանդալային վիդեոներ ունի ինտերնետում, չենք ուզում գա մեր դպրոց»,- ասացին ծնողները:
«Մարզպետն անընդհատ հղում էր անում օրենքներին, այսինքն գրագետ, բայց անհասկանալի, լղոզված պատասխաններ էր տալիս»,- ասաց ծնողը:
Նրանց ներկայացրած տվյալներով, դպրոցն ունի 300-ից ավելի աշակերտ, ավելի քան 150 աշակերտի ծնող դիմում է ներկայացրել այդ դպրոցից գործերը վերցնելու և այլ դպրոց տեղափոխելու համար:
15 հոգու հրավիրեցին կառավարություն՝ քննարկման:
«Մեր մտահոգությունները լսեցին, ակնկալում ենք երկուշաբթի օրը պատասխան կստանանք: Հասկացանք, որ այս մարդիկ որևէ բանից տեղյակ չէին, որ կա 3 ձայն, 4 ձայն հավաքած թեկնածուներ, ինչու է 3 ձայնն ընտրվել»,- ասացին հանդիպման ներկա ուսուցիչներն ու ծնողները:
Միաժամանակ նշեցին, որ եթե շարունակեն ընդդիմանալ, հստակ գործողությունների կդիմեն: