2019-ին առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ թանկացել են, գործազրկության բարձր մակարդակն էլ պահպանվում է. ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը տնտեսության վերաբերյալ 2019 թվականին գրանցված ուշագրավ 10 փաստ է ներկայացրել։
Փաստերը՝ ստորև.
Գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել, իսկ տնտեսական աճի տեմպին հիմնականում նպաստել են առևտուրը և ծառայությունները՝ մասնավորապես շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը և այլն:
Չլուծված Ամուլսարի հանքի շահագործման հարց, բայց միևնույն ժամանակ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աճ՝ 20.5%-ով:
Մինչև սեպտեմբերը կառավարությունը որոշակիորեն նվազեցնելով և հետաձգելով արտաքին պետական պարտքի ավելացումը սեպտեմբերին անցել է ի սկզբանե պլանավորած գործողությանը՝ պետական պարտքը ավելացնելու հիմնական բեռը տեղափոխելով 2019թ.-ի չորրորդ եռամսյակ:
Արտահանման ծավալներն և արտարժույթի արտահոսքն աճել են (աճուրդով մեքենաների գնում, ներդրումային գործունեությունից եկամուտ և այլն):
2019թ-ին գրանցված աշխատողների թվաքանակի զգալի աճ է արձանագրվել, սակայն դրանց մեծ մասը կազմում են չգրանցված աշխատողները, իսկ գործազրկությունը դեռևս մնում է բարձր մակարդակի վրա։
Հարկային եկամուտների զգալի աճ, որն ուղեկցվել է ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի մեծ չափերի հասնող թերակատարմամբ:
Միջին ամսական աշխատավարձի աճ, որը, սակայն, ուղեկցվել է ակցիզային հարկերի բարձրացմամբ:
Օրենսդրական փոփոխությամբ բարձրացել է նվազագույն աշխատավարձը, որը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, սակայն 2020թ.-ին սոցիալական վճարը աշխատողի համար կդառնա 5%՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն:
Համեմատաբար ցածր գնաճի մակարդակ, սակայն առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների՝ թռչնամսի, մակարոնեղենի, բանջարեղենի և հատկապես կարտոֆիլի զգալի բարձրացում:
Թեև գրանցել ենք ընդհանուր օտարերկրյա ներդրումների աճ, սակայն զուտ հոսքերի մասով (զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են) ունենք զգալի անկում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին