Խաչատրյանի մրցույթի հաղթողները ելույթ են ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակում
Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում Կամերային երաժշտության երեկո էր, որի ընթացքում հանդես են եկել Խաչատրյանի միջազգային մրցույթի տարբեր տարիների հաղթողներ Ջոնաթան Սվենսենը (թավջութակ) և Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր)։ Կամերային համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Ֆրանոց Շուբերտի, Դմիտրի Շոստակովիչի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը նշել է, որ շատ խորհրդանշական է այս երկու երիտասարդ երաժիշտների համատեղ ելույթը։ Երկուսն էլ հյուսիսից են՝ Հռիփսիմեն՝ Հայաստանի հյուսիսից, Ջոնաթանը՝ Եվրոպայի հյուսիսից։ Երաժշտագետը կարևորել է միջազգային փառատոնի ստեղծագործական մոտեցումը. երբեք միմյանց չհանդիպած երաժիշտները, որ հաղթել են խաչատրյանական մրցույթում, համախմբվել են մեկ համերգային նախագծում եւ Խաչատրյանի տանը։ Համատեղ հնչում են Խաչատրյանի սիրելի ու նվագած գործիքները՝ դաշնամուրն ու թավջութակը։ Հետաքրքիր է ընտրված համերգային ծրագիրը՝ հանդիպում են Խաչատրյանն ու Շոստակովիչը՝ ժամանակակիցներ, ընկերներ։
Ջոնաթան Սվենսենի համար Խաչատրյանի միջազգային մրցույթն առաջինն էր, որ հաղթել էր, իսկ Հռիփսիմե Աղաքարյանի համար խաչատրյանական մրցույթը հերթականը, բայց, ինչպես ինքն է խոստովանել, ամենապատասխանատուն է եղել։
Ջոնաթան Սվենսենը նշել է է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան ու ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առաջ։ Նա ընդգծել է, որ սիրով է գալիս Հայաստան, քանի որ այն մեծ դեր է ունեցել իր կենսագրության և մասնագիտական առաջընթացի համար։ Իսկ ներկայացված համերգային ծրագիրը Հռիփսիմե Աղաքարյանի հետ նա նվագում էր առաջին անգամ ու շատ տպավորված է ունկնդրի ընդունելությունից։
Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մաքսիմ Վենգերովի հետ Եվրոպայում հանդես կգա 8 համերգով
- Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա