Նորից ուզում են ապօրինի վերսկսել ցանկապատի շինարարությունը. Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր էլ փորձել են վերսկսել Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը։
«Այսքանից հետո, շաբաթ օրով, տոնի նախօրյակին կրթական պարտեզում նորից ուզում են ապօրինի վերսկսել թ. 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարությունը։
Մենք նորից կստեղծենք կենդանի պատնեշ, կպաշտպանենք մեր իրավունքները։
Հրավիրում եմ յուրաքանչյուրին, ով «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի, «Բնակավայրը առանց ճաղերի» նախաձեռնության մասնակիցն է, շահառուն, բարեկամը։
Ես տեղում եմ»,- գրել է Աշոտ Բլեյանը։
Նշենք, որ մանկապարտեզի տնօրինությունը օրեր առաջ ևս փորձել էր ցանկապատել մանկապարտեզի տարածքը, սակայն հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները կենդանի պատ են կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։