Աբգար թագավորի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրը:
Qahana.am-ը գրում է, որ Աբգար հայոց արքան աստվածասեր և մեծահավատ էր` ըստ մարմնի թագավորակից Քրիստոսին, որովհետև Քրիստոս ծնվեց Ս. Կույս Մարիամից Աբգարի թագավորության առաջին տարում և 30 տարի հետո մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսից:
Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապես հավատաց Նրան` թողնելով կռապաշտությունը: Եվ քանզի թագավորը հիվանդ էր բորոտությամբ, և չկար բժշկության հնար, Աբգարն ուղարկեց Անանեին` իր փառավոր նախարարին` ապահունիների իշխանին, նրա հետ 10 պատվավոր մարդկանց` մեծագին ընծաներով և նվերներով: Նաև գրեց Հիսուսին իր հավատի խոստովանության նամակը և աղաչեց գալ` բժշկել նրան չարաչար ցավից և լինել իր հետ: Անանեի հետ ուղարկեց Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե չկամենա Հիսուսը գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը և բերեն իրեն:
Անանեն եկավ, հասավ Երուսաղեմ Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս իջավ Ձիթենյաց լեռի զառիվայրերով Գեթսեմանի, այնտեղից ելավ ավանակով Երուսաղեմ քաղաքը և գնաց մտավ Սողոմոնի տաճարը: Ելնելով տաճարից` Հիսուս գնաց Գամաղիէլ օրենուսույց վարդապետի տունը, ով Նիկոդեմոսի` Հիսուսի գաղտնի աշակերտի, եղբայրն էր, որովհետև Գամաղիէլը մեծարեց Հիսուսին և տարավ Նրան տաճարից իր տունը: Անանեն ուղարկեց պատվավոր յուրայիններին Հիսուսի աշակերտների մոտ` հարցնելու նրանցից, թե «ինչպե՞ս տեսնենք Քրիստոսին»: Ըստ Հովհաննես (Ավետարանչի), որ ասում է. «Կային այնտեղ ոմանք հեթանոսներից, որ եկան Երուսաղեմ և մոտեցան Փիլիպոսին ու ասացին. «Տե´ր, կամենում ենք Հիսուսին տեսնել»: Փիլիպոս ասաց Անդրեասին: Անդրեասն ու Փիլիպոսը ասացին Հիսուսին և տարան նրանց Հիսուսի մոտ: Անանեն և յուրայինները տեսան Հիսուսին առաքյալների հետ Գամաղիէլի տանը: Հիսուս ընդունեց նրանց ուրախությամբ և ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին»: Անանեն ոտքի կանգնեց, տվեց նամակը, երկրպագեց և Հիսուսին փոխանցեց արքայի ողջույնը: Հիսուս օրհնեց Աբգարին և նրա թագավորությունը, հրամայեց Թովմային նրան պատասխան գրել, երանի տվեց Աբգարին նրա հավատի համար և ասաց. «Փոքր-ինչ ժամանակ եմ աշխարհում, ապա կվերանամ երկինք՝ Իմ Հոր մոտ: Այնժամ կուղարկեմ քեզ մոտ Իմ աշակերտներից մեկին` կյանք տալու համար քեզ և ովքեր քեզ մոտ են»: Հիսուս օրհնեց նաև այն պատկերը, որ նկարել էր Աբգարի սուրհանդակը: Այն բերեցին և տվեցին Աբգարին` փոխանակ Տիրոջ: Տեսնելով այն` բարեպաշտ արքան ուժգին բերկրեց և համբուրեց ջերմեռանդ սիրով ու հաստատուն հավատով, որով այնժամ առողջացավ կես մարմնով: Աբգարը համարեց, թե տեսավ Քրիստոսին մարմնով:
Քրիստոսի համբարձումից և Հոգեգալուստից հետո, զինված գեղարդով և Ս. Հոգով` Թադեոս առաքյալը եկավ Տուբա հրեայի տունը և բժշկեց նրան (որովհետև մահճին գամված էր իր հիվանդությամբ): Աբգարը, լսելով դրա մասին, ասաց, թե. «Սա նա է, որին խոստացավ ուղարկել ինձ Քրիստոս» և, ուղարկելով նրա ետևից, կանչեց իր մոտ Ս. առաքյալին: Երբ Թադեոսը մտավ Աբգարի մոտ, արքան, վեր կենալով իր գահից, երկրպագեց Թադեոսին և օրհնություն խնդրեց առաքյալից, քանզի սքանչելի նշան տեսավ նրա երեսին և ոսկե թագ Թադեոսի գլխին, ինչպես թագավորի մոտ: Թադեոսը, ձեռքը դնելով թագավորի գլխին, Քրիստոսի անվամբ փարատեց նրանից բորոտության ցավը: Ապա մկրտելով թագավորին` բոլորովին բժշկեց նրան չար հիվանդությունից: Նույնպես և բոլոր քաղաքացիները հավատացին Քրիստոսին և մկրտվեցին:
Առաքյալը կառուցեց եկեղեցիներ, ձեռնադրեց քահանաներ և պաշտոնյաներ: Ձեռնադրեց եպիսկոպոս Ադդե կերպասագործին` Քրիստոսի 70 աշակերտներից, և թողեց նրան իր փոխարեն քաղաքի առաջնորդ: Իսկ ինքը՝ առաքյալը, վերցնելով Աբգար արքայից հրովարտակներ, որպեսզի ամեն ոք հնազանդվի Քրիստոսի ավետարանին Թադեոսի քարոզությամբ, շարժվեց դեպի Վերին Հայք, Սանատրուկ արքայի մոտ, ով Աբգարի քրոջ որդին էր:
Աստվածասեր Աբգար թագավորը եղավ առաքելաբար Ավետարանի պատմողը. նշաններ և բժշկության հրաշքներ էր գործում: Գրեց նամակ Հռոմի կայսեր Տիբերիոսին, որպեսզի նա հրաման տա իր տերության բոլոր գավառներում պաշտել Աստծուն` Հիսուս Քրիստոսին` ծնված Բեթղեհեմում Ս. Կույս Մարիամից, ով անարգվեց Պիղատոսից և խաչվեց հրեաների կողմից: Նույն նամակը Աբգար թագավորը գրեց պարսից Արշավիր արքային` իր ազգականին և հանձնարարեց նրան ընդունել Սիմոն Կանանացուն, նույն ինքը Շմավոն նախանձահույզին` Հովսեփի որդուն և Հակոբոս Տեառնեղբոր եղբորը: Թագավորը նրան հանձնեց Արշավիր արքային, որպեսզի լսեն առաքյալի քարոզը: Բաբելացիների Ներսեհ մանուկ արքային նույնպես գրեց Աբգարը` հնազանդ լինել Ավետարանի քարոզին և պաշտել Քրիստոս Աստծուն: Եվ այնպես հոժարությամբ հոգ էր տանում բարեպաշտ Աբգարը` ամենուր Քրիստոսի արքայությունը քարոզելու համար, որպեսզի Քրիստոսի Ավետարանի քարոզը ընդդիմության չհանդիպի:
Քրիստոսին հավատացող հեթանոս թագավորներից առաջինը և բոլոր քրիստոնյա թագավորների անդրանիկը` բարեպաշտ Աբգար թագավորը, իր կյանքը և թագավորությունը այսպես կարգավորելուց հետո, առաքինի կյանքով ապրած և ալևորության հասած, հանգեց ի Քրիստոս և փոխադրվեց անանց թագավորություն դեկտեմբերի 31-ին: