Ոչնչանում են Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները
Վիրահայոց թեմից հայտնում են, որ ոչնչանում են Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները:
«Առանց տանիքի, փլուզված պատերով և աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռևս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտորեն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առավել բացահայտ դարձավ:
2019 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ի մոտերքում հրշեջ ծառայությունում ստացված ահազանգի հիման վրա հրշեջների շնորհիվ եկեղեցին փրկվեց հիմնովին ոչնչանալուց: Կործանման եզրին կանգնած, անւշադրության մատված Աստծու տունը սպասում է իր վերջնական վախճանին, իսկ դրան նպաստում են շրջապատի բնակիչները, ովքեր բացահայտորեն ցանկապատում, պահեստանոցի և օժանդակ շինությունների են վերածում եկեղեցին ու նրա տարածքը, չօգտագործած մասը թողնելով անօթևան մարդկանց քմահաճույքին:
Մտավախությունը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմինն է: Եկեղեցին միշտ գտնվել է թեմի ուշադրության կենտրոնում, սակայն թեմը չի կարող հոգ տանել եկեղեցու մասին, քանի որ այն վրացական եկեղեցու կազմած «վիճահարույց» եկեղեցիների ցանկում է, որոնց «ճակատագիրը» տարիներ շարունակ մնում է անորոշ: Սուրբ Մինաս եկեղեցին վիճահարույց չէ: Այն հայկական եկեղեցի է և պետք է վերադարձվի թեմին: Թե՛ Վիրահայոց թեմը, թե՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս դիմել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն, որպեսզի Թեմին վերադարձվեն հայկական եկեղեցիներն ու թեմը հոգ տանի դրանց մասին: Բազմաթիվ նամակներ են հղվել Վրաստանի իշխանություններին, պատկան մարմիններին, ներկայացվել է եկեղեցու վիճակը, սակայն ոչ մի փոփոխություն: Հուսանք, որ իշխանությունները և Վրաց Ուղղափառ Եկեղեցին այնուամենայնիվ լրջորեն կմոտենան քրիստոնեական տաճարի ոչնչացման հարցին»,- նշված է Վիրահայ թեմի հաղորդագրությունում:
Երևանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնվում է Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու: Պահպանված տվյալների համաձայն` Սուրբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, և 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: 1883թ-ի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղն արդեն խոյացել է Երևանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիի սուրբ Նշան եկեղեցու բակի տապանաքարերը՝ աղբակույտի մեջ
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգության
- Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու տակի շինության մասը սեփականաշնորհվել է քաղաքացու կողմից
- «Մենք բացակա ենք ազգային բոլոր ճակատներում». Սուրբ Նշանի փլուզված նախասրահը հնարավոր չէ վերակառուցել