Վարչապետը կա՛մ խեղաթյուրված պատկերացում ունի ՀԽ-ի մասին, կա՛մ մեր պատկերացումները չեն համընկնում․ Արծրուն Պեպանյան
Դեկտեմբերի 19-ին Կառավարության որոշմամբ Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց հետո ՀԽ անդամ, «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը մտածում է Հանրային խորհրդից հրաժարական ներկայացնելու մասին. «Նիստ կլինի, կտեսնենք տրամադրությունները»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նա։
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ սա Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ իր արդյունավետությունն ապացուցելու համար, ՀԽ անդամը նշեց. «Վարչապետը կա՛մ խեղաթյուրված պատկերացում ունի Հանրային խորհրդի մասին, կա՛մ էլ իր ու մեր պատկերացումները չեն համընկնում: Անձամբ ես որևէ խնդիր չեմ տեսել Հանրային խորհրդում, խորհուրդը շատ լավ աշխատել է»։
Հարց- Պարո՛ն Պեպանյան, Դուք ևս սուր քննադատության եք ենթարկում իշխանություններին այն բանից հետո, երբ Հարություն Մեսրոբյանն և Լարիսա Ալավերդյանը դուրս եկան Հանրային խորհրդից։ Ի՞նչ եք պատրաստվում անել, հրաժարական ներկայացնելո՞ւ եք։
Պատասխան- Հիմա մտածում եմ: Ես Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ ասել էի՝ եկեք չշտապենք, տեսնենք՝ ում են նախագահ նշանակում, և հետո մեր անելիքները որոշենք, բայց երկու հոգի արդեն հեռացել են, դա մի քիչ իրավիճակ է փոխում:
Հարց- Արդեն ՀԽ նախագահ է նշանակվել, դա ի՞նչ է փոխում:
Պատասխան- Ինձ մոտ առանձնակի բան չի փոխում, որովհետև ՀԽ նախագահն ընդամենը նիստ է վարում և մեկ ձայն ունի: Խորհրդի անդամները կարող են հանգիստ իրենց տեսակետներն արտահայտել: Այնպես չէ, որ մեկ հոգի եկավ, այդ դեպքում խորհուրդը եթե աջ էր գնում, պետք է ձախ գնա: Այդպիսի բան չկա: Այդ մարդիկ իրենց որոշումը կայացրել են:
Հարց- Նշեցիք, որ մտածում եք հրաժարական ներկայացնելու մասին, ե՞րբ կհայտնեք Ձեր վերջնական դիրքորոշման մասին։
Պատասխան- Նիստ կլինի, կտեսնենք տրամադրությունները: Կարծում եմ՝ ստեղծված իրականության մեջ այս փորձառու մարդկանց խորհրդի կարիքը կա: Ինքներդ տեսնում եք՝ իշխանությունները միշտ չէ, որ ճիշտ քայլեր են անում, իսկ այս սահմանադրական մարմինն այդ իրավունքն ունի՝ խորհրդակցական ձևով մասնակցել պրոցեսներին:
Հարց- Հրաժարական ներկայացրած ՀԽ անդամները նշում էին, որ Ստյոպա Սաֆարյանի նախագահության ժամանակ ՀԽ-ում մթնոլորտը, գործունեությունը այնպիսին չի լինի, ինչպիսին նախկինում էր՝ Վազգեն Մանուկյանի նախագահության ժամանակ: Կիսո՞ւմ եք նրանց տեսակետը:
Պատասխան- Ես այն կարծիքին եմ եղել, որ Ստյոպա Սաֆարյանը լինի Հանրային խորհրդի նախագահը, թե Վազգեն Մանուկյանը, իմ սկզբունքները չեն փոխվում: Այստեղ ավելի շատ այլ պահ է տվյալ անձի հետ կապված. օրինակ՝ ինչ-որ խնդիրներ ունեն, դրա համար չեն ցանկացել շարունակել: Թե չէ Ստյոպա Սաֆարյանը չէր գալու իրենց ասեր՝ ոչ, այսուհետ այսպես պետք է քննարկենք, քվեարկենք։ Այդ խնդիրը չկա, զուտ բարոյական պահեր են, երևի:
Հարց- Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունը, թե սա վերջին շանսն է Հանրային խորհրդի՝ իր արդյունավետությունն ապացուցելու համար:
Պատասխան- Ես այն կարծիքին եմ, որ վարչապետը կամ խեղաթյուրված պատկերացում ունի Հանրային խորհրդի մասին, թե իրականում ինչ կա, կամ էլ Հանրային խորհրդի մասին իր ու մեր պատկերացումները չեն համընկնում: Անձամբ ես որևէ խնդիր չեմ տեսել ՀԽ-ում, խորհուրդը շատ լավ աշխատել է, լուրջ հարցեր են եղել, կառույցն իր դիրքորոշումը արտահայտել է, մնում է, որ կառավարությունը հաշվի առներ ու քիչ խնդիրներ ունենար իրականության մեջ: Իմ տեսակետը վարչապետը կարծիքի հետ ընդհանրապես չի համապատասխանում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան