Հարություն Մեսրոբյանը դադարեցրել է ՀԽ անդամակցությունը, Լարիսա Ալավերդյանը պատրաստվում է դիմում գրել
Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանը դեկտեմբերի 20-ին դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Տեղեկատվությունը հրապարակվել է ՀԽ պաշտոնական էջում։ Մեսրոբյանը ՀՀ կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թ․ սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի առաջարկով։
«Երբ Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Հանրային խորհրդից, ինձ լրագրողները հարցրեցին, ասացին՝ խոսակցություններ կան, որ Հանրային խորհրդի նախագահ է լինելու Ստյոպա Սաֆարյանը, ես պատասխանեցի, որ եթե նման բան լինի, համարեք, որ ես իմ ազատման դիմումը գրել եմ։ Ես սովորություն չունեմ խոսքս փոխել։ Պետական պաշտոնյան՝ այն էլ բարձրաստիճան պաշտոնյան տարբեր օղակներում՝ լինի Հանրային խորհուրդ, կառավարություն, անկախ տեղական ինքնակառավարման մարմին, պետք է 2 չափանիշների բավարարի՝ բարոյական նկարագիրը և անցած ճանապարհը դրական արդյունքներով։ Ընդ որում բարոյական նկարագիրը պարտադիր պահանջ է, իսկ դրական արդյունքները` բավարար։ Եթե դրանք չկան, ընդհանրապես նշանակումներ չպետք է լինեն։ Հանրային խորհրդի անդամը, առավել ևս նախագահը փորձառու, խորքային ճանապարհ անցած մարդ պիտի լինի»,-ավելի վաղ news.am-ին տված հարցազրույցում ասել էր Մեսրոբյանը։
ՀԽ մեկ այլ անդամ Լարիսա Ալավերդյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, այս պահին խորհրդում է և մտադիր է ինքն էլ նմանատիպ մի դիմում գրել։
«Ոչ, ես հանրային խորհրդի անդամ չեմ մնալու։ Ես հիմա Հանրային խորհրդում եմ, պետք է տեսնեմ, թե դուրս գալու դիմումն ինչպես է արվում»,-ասաց նա։
Ալավերդյանի խոսքով, ինքը գտնում է ՀԽ-ն իր տեղը չէ, իր գործունեությունը կծավալի որպես անհատ ու ՀԿ գործադիր տնօրեն։
Հիշեցնենք, որ Լ. Ալավերդյանը ՀԽ Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահն է։
Հենց այս հանձնաժողովն էր հայտարարություն տարածել ՀԽ նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանի կողմից քննարկմանը ԶԼՄ-ների սահմանփակման, ինչպես նաև լրատվամիջոցների երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը կա՛մ խեղաթյուրված պատկերացում ունի ՀԽ-ի մասին, կա՛մ մեր պատկերացումները չեն համընկնում․ Արծրուն Պեպանյան
- Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագաh
- Ստյոպա Սաֆարյանին ՀԽ նախագահ նշանակելու հարցը կառավարության նիստի օրակարգում է
- ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
- Լրագրողական կազմակերպություններ. Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը վտանգավոր է ու անթույլատրելի
- Ստյոպա Սաֆարյանին հիշեցնում են՝ ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից գումար է ստանում Հայաստանում ժողովրդավարության կայացման համար