Այս տարի կյանքի է կոչվել 462 սուբվենցիոն ծրագիր. Պապիկյան
2020 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերը կառավարությունն իրականացնում է համայնքների և մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ։
«Մենք այս ճանապարհով փորձում ենք տարբեր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ունեցած հնարավորություններն օգտագործել ի շահ համայնքի»,- ասաց նախարարը։
Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2019 թվականին հաստատվել էր 483 սուբվենցիոն ծրագիր, որից 462-ը կյանքի է կոչվել կամ 2020թ-ին կավարտվի. «Դրանք 16.4 մլրդ դրամի ծրագրեր են, որից համայնքային ֆինանսավորումը կազմում է 6.8 մլրդ, իսկ պետական ֆինանսավորումը` 9.6 մլրդ դրամ: Արդյունքում, համայնքներում ունենք զգալի ձեռքբերումներ»:
Անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ նախարարը հայտնեց, որ այս տարի հանրապետությունում համայնքային համաֆինանսավորմամբ կատարվել է շուրջ 112 կմ ասֆալտապատման աշխատանքր։ Խոսքն, ըստ նրա, ներհամայնքային ճանապարհների մասին է։
Ընթացիկ տարում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման ուղղությամբ իրականացվել է 41 ծրագիր, 32 համայնքների 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ, 16 բնակավայրում՝ գազամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ, 58 բնակավայրում էլ գործարկվել են էներգախնայող լուսավորության համակարգեր։
Սուրեն Պապիկյանն անդրադառնալով իրենց նախընտրական խոստումներին, ըստ որի, ՀՀ բնակավայրերի 70 տոկոսում պետք է լինեն մանկապարտեզներ, նշեց, որ այս տարի հաջողվել է վերանորոգել և հիմնանորոգել 25 մանկապարտեզ:
Բացի այդ, ըստ նրա, 2019 թ-ին վերանորոգվել են 65 շենքերի տանիքներ, արդիականացվել է 15 շենքերի վերելակ, 20 այգիներ վերակառուցվել և բարեկարգվել են, 20 գյուղական դպրոցներում էլ փոխարինվել են ջեռուցման համակարգերն ու պատուհանները։
Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ 2019 թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ կարողացել են նորոգել և հիմնանորոգել շուրջ 360 կմ ճանապարհ:
«Իհարկե, դա լավ է, բայց համակարգը ստերիլ չէ, կան բազմաթիվ խնդիրներ: Ունեցել ենք ոչ բարեխիղճ կապալառուներ, որոնց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ են կիրառվել: Մասնավորապես, 12 և 4 կմ երկարություն ունեցող երկու տարբեր օբյեկտների համար կապալառուները պարտավորություն են ստաձնել ևս մեկ շերտ ասֆալտ տեղադրել, որը և կյանքի է կոչվել»,- նշեց Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ 2020 թվականին այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացնելու։ Մասնավորապես, ըստ նրա, նախատեսվում է ներկրվող բիտումի որակը ստուգելու համար անցակետերում հիմնել լաբորատորիաներ։
Պապիկյանը նշեց նաև, որ 2020 թվականին պլանավորել են նորոգել 502 կմ ճանապարհ. «Այս աշխատանքները շարունակական են լինելու, քանի որ մեր կառավարության ստանձնած պարտավորությունն է՝ ճանապարհների 70 տոկոսը լինի բարվոք, անցանելի ու արդիական»։