2021 թվականին ամբողջությամբ կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը. Պապիկյան
2021 թվականին ամբողջությամբ կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերից ավելի շատ կարողանում են օգտվել խոշոր և խոշորացված համայնքները, իսկ փոքր համայնքներն, ըստ նրա, ի վիճակ չեն այդ ծրագրերից օգտվել։
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ խոշոր համայնքները աչքի են ընկնում նաև կազմակերպական դրական միտումով: «Մենք կարծում ենք, որ համայնքների հետագա խոշորացումը մեր կառավարության առաջիկա անելիքների մեջ է: 2020 թվականին խոշորացումները լինելու են ըստ իրավիճակի: Այսինքն` եթե կունենանք համայնքներ, որտեղ կստեղծվեն իրավիճակներ, ինչպես օրինակ ստեղծվել է Իջևան համայնքում, մենք կխոշորացնենք այդ համայնքները»,-ասաց նախարարը։
Նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ նաև օրենսդրական փոփոխություններ են իրականացնում։ Վերջինը, ըստ նրա, տեղական հանրաքվեների ինստիտուտի վերափոխումն էր, երբ համայնքներին խորհրդատվական ձայնի հնարավորություն է տրվում, որ նրանք կարողանան իրենց ձայնը հանրաքվեի միջոցով լսելի դարձնել:
Սուրեն Պապիկյանը նաև ասաց, որ առաջիկայում հանրային քննարկման կդրվի հանրապետության բոլոր խոշոր և խոշորացված համայնքերում համամասնական ընտրակարգի ներդրման հարցը։