Աղասի Ենոքյան. Փաշինյանի հայտարարության կապակցությամբ դիմել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
«Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը տեղեկացնում է, որ կազմակերպությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքի/կանոնի խախտման առկայության մասին հարցով։
«Վարչապետը հանրային պաշտոն զաղեցնող անձ է, ով համաձայն ՀՀ օրենսդրության, պարտավոր է պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները, դրանցից բխող վարքագծի կանոններ։ «Մասնավոր օգուտի համար հանրային պաշտոնի օգտագործման անթույլատրելիության» համընդհանուր ստանդարտի ներքո ուղղակիորեն արգելվում է պաշտոնատար անձանց կողմից հանրային պաշտոնի կամ տիտղոսի կամ հանրային պաշտոնի հետ ասսոցացված հեղինակության օգտագործումը որևէ ընկերության, ապրանքատեսակի կամ ծառայության ներկայացման կամ որակի հաստատման համար:
Մինչդեռ, սույն թվականի նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գովազդել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ին և իր կոչի միջոցով նպաստել է մասնավոր կազմակերպության գործունեությանը՝ փաստացի առավելություններ ապահովելով վերջինիս համար։
Հուսով ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան գնահատական կտա հանրային պաշտոն զբաղեցնող Նիկոլ Վովայի Փաշինյանի այս գործունեությանը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։