Անդրանիկ Թևանյան. Իշխանության են եկել շատ պատահական մարդիկ
Հայաստանում տեղի ունեցածը հեղոփոխությո՞ւն է, իշխանափոխությո՞ւն, թե՞ բռնի ուժով իշխանության զավթում։ Եղել է ներսի հիմքերո՞վ, թե՞ դրսի ուժերի պատվերով։ Այս առումով տեսակետները տարբեր են։ Ելույթն այս հարցերի շուրջ սկսեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «Հետհեղափոխական Հայաստան․ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ է սպասվում» խորագրով տարեկան ամփոփիչ համաժողովում։
«Մի մասը կարծում է, որ տեղի ունեցածը մի երջանիկ իրադարձություն էր, որի արդյունքում Հայաստանը դեպի լուսավոր ապագա է գնալու, ուղղակի մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի մենք այդ փոփոխությունները տեսնենք։ Երկրորդ ներսի վարկածի մոտեցումն այն է, որ տեղի ունեցածը երկրի սահմանադրական կարգի տապալում էր, և մի խումբ ստահակներ, օգտագործելով ներքին դժգոհությունը, հաջողացրեցին գալ իշխանության, սահմանադրական կարգի բռնի տապալում իրականացրեցին, հիմա էլ օգտվում են իշխանական հաճույքներից։ Կա նաև երրորդ մոտեցումը, ըստ որի սա արտաքին պատվիրատու ունեցող քաղաքական գործընթաց է, լրիվ կազմակերպված դրսի կողմից և ուղղված է Հայաստանի շահերի դեմ»,-առկա ու քննարկվող տեսակետներն ամփոփ ներկայացրեց Ա. Թևանյանը։
Թևանյանը բոլոր թվարկած տեսակետներում ճշմարտության հատիկ է տեսնում, բայց համարում է, որ բոլորն էլ թերի են։
«Թերի են այն պարզ պատճառով, որ Հայաստանում փոփոխությունները հասունացած էին, և եթե որևէ երկրում նորմալ, էվոլուցիոն ճանապարհով ռեֆորմներ տեղի չեն ունենում, ապա բնական է, որ տեղի են ունենում այս տիպի փոփոխություններ։ Դրանք կարող են լինել արյունոտ, անարյուն, ցնցումներով և այլն։ Գլխավոր պատվիրատուն հասարակությունն էր, եթե չլիներ նման պահանջ, այդ փոփոխությունը չէր լինի»,-իր կարծիքը հիմնավորեց քաղաքագետն ու նկատեց, որ իշխանական համակարգի ոչ միակուռ լինելն էլ նպաստել է դրան։
Բանախոսի գնահատմամբ, ապրիլ-մայիսյան դեպքերի «փայատերերի» ակնկալիքները չեն իրականացել, քանի որ մարդիկ փողոց էին դուրս եկել իրենց կյանքը բարելավելու պահանջով, նրանք ավելի անվտանգ երկիր ու սեփական կյանքի փոփոխություն էին պահանջում հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում։
«Հենց այս երկու հարցերն են, որ պետք է կարողանան լուծել բոլոր իշխանությունները։ Այս առումով ես պետք է ասեմ, որ իշխանության են եկել շատ պատահական մարդիկ։ Սա պատահական մարդկանց հեղափոխություն է։ Եվ այդ մարդկանց առաքելությունն ավարտվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ իսկ օրը, որովհետև որևէ գաղափարկան կամ ծրագրային խնդիր չկար, և կադրային այն բանկը, որը ներկայացնում էր հեղափոխական թիմը, բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի առաջ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին»,-համոզմունք հայտնեց Ա. Թևանյանը։
Ինչ վերաբերում է դրսի պատվիրատուների մասին կարծիքներին, ապա ըստ բանախոսի, նրանք ուղղակի օգտվում են այն բովանդակային դատարկությունից, որն ունի այս իշխանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան