Բոզոյան. Այսօրվա իշխանություններն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ խնդիրը
«Իմ կարծիքով, այսօրվա իշխանություններն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես պետք է լուծել ԼՂ խնդիրը»,- Հետհեղափոխական Հայաստան․ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ է սպասվում» խորագրով տարեկան ամփոփիչ համաժողովում նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը։
Ըստ նրա, այժմ նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչ ռազմավարություն է պետք որդեգրել բանակցային պրոցեսում։
«Ցավալիորեն, ինչպես ասաց Թևանյան Անդրանիկը, այս մարդիկ պատահական մարդիկ են, ԼՂ պրոբելմատիկան իրենց երբեք չի հետաքրքրել, զբաղվել են միայն մարդու իրավունքներով, սոցիալական խնդիրներով, մի պահ անգամ մտքներով չի անցել, որ կարող են լինել իշխանություն և այդ պատասխանատվությունն իրենց վրա են վերցնելու»,-ասաց բանախոսը։
Բոզոյանի խոսքով, հենց դա է պատճառը, որ Արցախին բանակցային կողմ դարձնելը թիվ մեկ նպատակ են հռչակել։ Ըստ նրա, դա մի նպատակ ունի, պատասխանատվությունն իրենց վրայից թոթափել ու թողնել արցախյան կողմի վրա։
Իսկ ընդհանուր առմամբ, ԼՂ խնդրի՝ հայանպաստ կարգավորման համար, քաղաքական մեկնաբանի համոզմամբ, Հայաստանը՝ որպես պետություն առաջիկա 30 տարում պետք է հզորանա։
«Նույն վիճակը Իսրայել ու Արաբական պետություններ հարաբերություններում էր, վերջիններն ունեին նավթ, մարդկային ռեսուրս, Իսրայելը թույլ էր ու այդ գործոնները չուներ։ Բայց այն կարողացավ հզորանալ, դառնալ ռեգիոնալ միջուկային գերտերություն։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը շատ լավ պատկերացնի, որպեսզի մենք կարողանանք Ղարաբաղի հարցում հաջողության հասնել, պետք է դառնանք հզոր, ուժեղ երկիր, 20-30 տարի այս խնդիրը պետք է սառեցվի, ուրիշ տարբերակ չկա, մնացածը խաբկանք է ու ինքնախաբեություն, թղթե շերեփներով մենք հաջողության չենք հասնի։ Հաջողության գրավականը երկաթե շերեփ ունենալն է, իսկ դա նշանակում է ունենալ բարձր որակի քաղաքական վերնախավ, ուժեղ, հզոր երկիր, բարձր որակի տնտեսական ու արժեքների համակարգեր»,-բանաձևը ներկայացրեց Բոզոյանը՝ նկատելով, որ Մադրիդյան սկզբունքները թույլ են տալիս ժամանակ շահել ու հզորանալ։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. 2020-ին արդեն գալիս է իշխանությունների հաշվետվություն տալու ժամանակը
- Անդրանիկ Թևանյան. Իշխանության են եկել շատ պատահական մարդիկ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան